4 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կարծում է, որ ընդդիմադիր որոշ ուժեր, իրենց քաղաքական ուժի դեմ պայքարելով, ցանկանում են ամրապնդել դիրքերն ընդդիմադիր դաշտում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով հարցին՝ տեսնո՞ւմ են ընդդիմադիր այլ ուժի, որ իրենց ուժի դեմ պայքարում է՝ Քոչարյանը դրական պատասխան տվեց: «Մենք դրա մասին բարձրաձայնել ենք: Կան նման բաներ: Ինչ-որ դեպքեր կան, որ նաև ըմբռնումով ենք մոտենում: Ընդդիմադիր դաշտում ինչ-որ ուժեր ուզում են ավելի ամուր տեղ զբաղեցնել: Մեր ինչ-որ գործողությունների հետ համաձայն չլինելով կամ ինչ-որ բաներ մեր դեմ խոսելով՝ միգուցե, մտածում են, որ այդպես կարող են իրենց տեղն ավելի ամրացնել կամ իրենց տեղն ունենալ ընդդիմադիր դաշտում: Շատ դեպքերում, իհարկե, անցնում են թույլատրելիի սահմանները, բայց փորձում ենք ըմբռնումով մոտենալ»,-ասաց պատգամավորը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ են Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Քոչարյանը բացասական պատասխան տվեց: «Դրա իմաստը չկա»,-նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող ուժին մրցակից համարելո՞ւ են ընտրությունների ժամանակ՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց՝ եթե տարբեր ուժեր են մասնակցում, կամա թե ակամա մրցակից են լինում:
«Բայց եթե կա այն համոզմունքը, որ այդ ուժերը որևէ կերպ չեն միանալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ես շատ լավ եմ նայում նրանց մասնակցությանը»,-ասաց Քոչարյանը: Ըստ նրա՝ քանի որ բոլոր ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակն իշխանության չվերընտրվելն է, հնարավոր է, ճիշտ լուծումներ գտնել՝ միմյանց չխանգարելու:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունները խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերն են: «Հայաստան» դաշինքն ԱԺ-ում ներկայացված է 28 պատգամավորով, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 6 պատգամավորով: Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև լարվածություն է նկատվում՝ անուղղակի հայտարարությունների մակարդակով: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում կարծիք էր հայտնել, որ 2026-ի ընտրությունների արդյունքներով 2 ուժ կարող են մտնել խորհրդարան, մեկը՝ «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ուժը՝ չհիշատակելով Սերժ Սարգսյանի ուժի մասին: Սերժ Սարգսյանը, այս առնչությամբ լրագրողների հարցերին ի պատասխան, ասել էր, որ իրենք հիմա այլ գործով են զբաղված՝ հաջողություն մաղթելով ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ուժերին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, Քոչարյանի կողմից Հանրապետականի մասին չհիշատակելը զարմանալի չէր համարել: «Զարմանալի կլիներ, որ նախագահ Քոչարյանը սկսեր քարոզել Հանրապետականի հետ կապված»,-նշել էր նա: