5 րոպեի ընթերցում
Պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու ու կրթությունից աշխատանքի անցնելու ավելի լայն հնարավորություններ ուսանողների համար․ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի գործընկերների թիվն ավելանում է։ Համագործակցության հուշագիր կնքեցին «ԱՊԱԳԱ» հիմնադրամն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Սա կրթական ծրագիր է, որն աջակցում է երիտասարդներին՝ տրամադրելով վարձավճարի 80 տոկոսը, ինչպես նաև աջակցում է ունենալ գործնական և պրակտիկ հմտություններ ու գիտելիքներ: Եվ իրականացնում ենք տարբեր դասընթացներ ուսանողների համար։ Սա ծրագիր է՝ նախատեսված չորրորդ կուրսի ուսանողների համար։ Նպատակն է ունենալ մասնագիտական կրթությամբ աշխատանք։ Այսինքն՝ սա կամուրջ է համալսարանից դեպի աշխատանքի շուկա»,–ասաց «ԱՊԱԳԱ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը:
Այս տարի ծրագրում ընդգրկվել է Հայաստանի պետական հավատարմագրված 12 բուհերից ընտրված 60 ուսանող։ Ծրագրին միացել են արդեն ավելի քան 15 խոշոր կազմակերպություններ՝ պետական և մասնավոր հատվածից։ Պետական հատվածից ծրագրի գործընկերներն են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և այլ գերատեսչություններ։ Հուշագրի ստորագրմամբ նրանց թիվն ավելացավ ևս մեկով։ Արդեն 9 ուսանող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ստանում է պրակտիկ գիտելիքներ։
«Մենք շատ կարևորում ենք պետական ապարատում ուսանողների ներգրավվածությունը, նրանց մոտ հետաքրքրությունների առաջացումը։ Հույս ունենք նաև, որ ուսանողները կհասկանան կամ կըմբռնեն, որ պետական ապարատը նաև իրենցն է, և իրենք էլ կներգրավվեն այս աշխատանքների մեջ։ Այս առումով մեզ համար շատ կարևոր է, որ ուսանողները հասկանան, թե ինչպես է աշխատում պետական ապարատը։ Մյուս կողմից նաև պետական ապարատի համար է կարևոր նոր կադրերի ներգրավումը՝ նոր գիտելիքներով, հատկապես նման ծրագրերի արդյունքում սելեկցիայի ենթարկված ուսանողների հետ աշխատելը։ Սա փոխադարձ շահավետ միջոցառում է լինելու, որովհետև մենք սովորեցնելու ենք թիմային աշխատանք, գործնական հմտություններ և դրա դիմաց ստանալու ենք նոր մոտեցումներ, նոր հայացք, նոր կրթական համակարգից եկած առաջարկներ»,–ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը:
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի գործընկերները շատ են: «ԱՊԱԳԱ» հիմնադրամից նկատում են՝ եթե գործընկեր կազմակերպությունների, գործատուների թիվն ավելանա, ամեն տարի ավելի ու ավելի շատ ուսանողների կընդգրկեն ծրագրում: Ծրագրի կողքին է նաև «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը։ Ընկերությունից նկատել են՝ արդյունքները շատ տպավորիչ են։ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» 2024 ծրագրի արդյունքում շատ ուսանողներ արդեն աշխատանքի են տեղավորվել կառույցներում, որտեղ պրակտիկա էին անցել։
«Մեր ընկերությունը շատ կարևորում է նման ծրագրերը, որոնք կապված են տաղանդների զարգացման հետ։ Եվ մեր ընկերության սոցիալական պատասխանատվության շրջանակներում այս ծրագիրը կարևոր դեր ունի։ Բացի այդ՝ մեր ընկերությունը տարիներ շարունակ ճանաչվում է լավագույն գործատու։ Եվ մենք, լինելով լավագույն գործատու, հասկանում ենք, որ նոր տաղանդներին՝ երիտասարդներին անհրաժեշտ է օգնել, որ իրենք սահուն անցում կատարեն բուհական կյանքից դեպի աշխատանքային կյանք։ Այն, որ վերջին կուրսից ուսանողները մտնում են աշխատանքային միջավայր, իրենց զուգահեռ պատրաստում է, որ հենց բուհն ավարտում են, արդեն պատրաստ են աշխատել աշխատանքային միջավայրում, որովհետև կրթական միջավայրը, ուսանողական միջավայրն ու աշխատանքային միջավայրը տարբեր են։ Եվ, որպեսզի ուսանողներն ավելի արագ ու հեշտ ադապտացվեն, այդ տրանսֆորմացիան զուգահեռ պետք է լինի»,-ասաց «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի Արտաքին կապերի կառավարիչ Վիկտորյա Պողոսյանը:
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի շրջանակում առաջիկայում սպասվում են նոր համագործակցություններ տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ՝ ընդլայնելով ուսանողների՝ մասնագիտական և փափուկ հմտություններ ձեռք բերելու և աշխատանքի անցնելու հնարավորությունները: