Քաղաքականություն

Արթուր Խաչատրյանը ՀՅԴ-ի գործունեությունն արգելելու վտանգ է տեսնում՝ չնայած հակառակի մասին վարչապետի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Արթուր Խաչատրյանը ՀՅԴ-ի գործունեությունն արգելելու վտանգ է տեսնում՝ չնայած հակառակի մասին վարչապետի հայտարարությանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Արթուր Խաչատրյանը իշխանությունների կողմից Դաշնակցությունը փակելու վտանգ է տեսնում՝ չնայած օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՅԴ-ի գործունեությունն արգելելու իմաստ ինքը չի տեսնում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաչատրյանը հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ գործող կուսակցությունների մեծամասնության ղեկավար կազմը ձևավորում են 1-2 հոգի, իսկ ժողովուրդը տեղյակ չի, թե ինչ է կատարվում կուսակցական ժողովների ընթացքում։

«Այս ամեն ինչը ուղեկցվելու է Հայաստանում կուսակցությունները վերահսկելու, իսկ Դաշնակցությունը փակելուն ուղղված գործողություններով»,-ասաց Խաչատրյանը։  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում բոլոր կուսակցությունները պետք է լինեն թափանցիկ, համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին, ինչը կարող է ընտրություններին նրանց մասնակցելը թույլատրելու հիմք հանդիսանալ։ 

Անդրադառնալով Դաշնակցությունը փակելու ընդդիմադիրների մտահոգություններին, Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նման քայլի իմաստ չի տեսնում․ «ՀՅԴ–ն փակելու իմաստը ո՞րն է, դուք ամեն օր փակում եք. սենց մի քիչ էլ կձգի ու հավերժ կփակվի»,- ընդգծել էր վարչապետը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում