Քաղաքականություն

ՀՀ նախագահն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են Եվրամիության շրջանակներում երկու երկրների համագործակցության սերտացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են Եվրամիության շրջանակներում երկու երկրների համագործակցության սերտացումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ու իշխանություններին, մաղթել է բարգավաճում, խաղաղություն և նորանոր հաջողություններ:

Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար և նշել, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում բոլոր ջանքերը ներդնում է երկու երկրների բարեկամության և գործակցության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում կարևորվել են ինչպես երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցության սերտացումը։ Կողմերը նշել են, որ Հայաստանի և Գերմանիայի գործընկերությունը նպաստում է ոչ միայն քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը, այլև տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների և կայունության ապահովմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ COP-17 համաժողովին։ Դեսպան Բուշը նշել է, որ գերմանական կողմի ուշադրության կենտրոնում են այս կարևոր միջազգային միջոցառումները և ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունն ու ապահովել լայն մասնակցություն:

Նախագահը և դեսպանը բարձր են գնահատել նաև Գերմանիայի կողմից տարիների ընթացքում ցուցաբերված աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների բարեփոխումների ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի երկրի զարգացման և եվրոպական ինտեգրման գործընթացում։

Կարդացեք հոդվածը` EspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում