«Արմենպրես»-ը հյուրընկալել է իրանական ԻՌՆԱ գործակալության պատվիրակությանը. կողմերն ընդլայնում են գործընկերության շրջանակը
7 րոպեի ընթերցում
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը հյուրընկալել է իրանական ԻՌՆԱ գործակալության գլխավոր տնօրեն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարիին։ Կողմերը վերահաստատել են առկա ամուր համագործակցությունը և գործընկերությունն առավել սերտացնելու պատրաստակամությունը՝ միաժամանակ, նախանշելով նաև հետագա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերը։
Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարիի պատվիրակության կազմում է նաև ԻՌՆԱ-ի միջազգային կապերի պատասխանատու Զաման Ռեզախանին: Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչները, «Արմենպրես»-ի փոխտնօրեններ Վահրամ Եղիազարյանն ու Արաքս Կասյանը, գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանը:
Հյուրերը նախ շրջայց կատարեցին «Արմենպրես»-ում, ծանոթացան լուսանկարների արխիվին, մամուլի սրահի և փոդքասթի տաղավարի հնարավորություններին:
Հանդիպման սկզբում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ իր գլխավորած գործակալությունն այս տարի տոնելու է հիմնադրման 107-ամյակը՝ ունենալով հարուստ փորձ ու ժառանգություն՝ թրծված մեկդարյա իմաստությամբ:
«Մենք երջանիկ ենք լինելու այդ ժառանգության կրողն ու շարունակողը, ու մեր աշխատանքում առաջնորդվում ենք նոր արժեքներ ստեղծելու հանձնառությամբ: Այդ արժեքներից է բարեկամության ու գործընկերության եղած կամուրջներն ամրացնելն ու նորերը կառուցելը: ԻՌՆԱ լրատվական գործակալության հետ «Արմենպրես»-ի գործընկերությունն ամուր հենք ունի և ջերմ պատմություն: Երկու գործակալությունների միջև 2017թ. ստորագրված փոխըմբռնման հուշագիրը համագործակցության համար ապահովում է փաստաթղթային հիմքը, սակայն գործնական ամուր հարաբերություններ ձևավորում են անմիջական շփումները, որի հնարավորությունն ունեցել ենք պարոն Զաման Ռեզախանիի հետ 2024թ., իսկ այժմ պատիվ ենք համարում նաև պարոն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարիին մեր հարկի տակ հյուրընկալելը»,-ասաց Նարինե Նազարյանը:
Նրա բնորոշմամբ՝ իրանցի գործընկերների այցի կազմակերպման ընթացքում մեծապես կարևորվել է գործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու անհրաժեշտությունը, Հայաստանն ու դրա մշակութային ժառանգությանը հյուրերին հաղորդակից դարձնելը, պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների, երկրի դիրքորոշումների մասին առաջին ձեռքից տեղեկանալու հնարավորությունը:
«Փոթորկուն այս ժամանակներում, մենք՝ որպես հանրությանն իրազեկող կարևոր առաքելություն ունեցող կառույցներ, մեծապես գիտակցում ենք մեր դերը՝ լինել անաչառ, ապահովել բազմակողմ լրատվություն, հաղթահարել մարտահրավերները՝ անդադար կրթելով սեփական լրատվական թիմերը, յուրացնելով նոր գործիքակազմեր»,-շեշտեց Նազարյանը:
Նրա խոսքով՝ ավանդական լրատվամիջոցների նկատմամբ վստահության նվազումը, ապատեղեկատվությունն ու ֆեյք նյուզերը, ինֆորմացիոն գերհոսքերը, կարծիքների բևեռացումը խնդիրներ են, որոնց բախվում են կայուն ու հարուստ ժառանգություն ունեցող լրատվամիջոցները․ «Այստեղ է, որ ջանքերի միաձուլումը ավելի կուժեղացի մեզ, թույլ կտա մեր ժողովուրդների դարերի բարեկամությունը դնել ավելի ամուր հիմքերի վրա, միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություններ ստեղծել»,- նշեց Նազարյանը։
Նարինե Նազարյանը մատնանշեց, որ «Արմենպրես»-ը լրատվությունն ապահովում է տասը լեզվով. նյութերն արտադրվում են հայերեն, ապա թարգմանվում` անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն։
«Բազմալեզու մեր լրատվությունը աշխարհի հետ աշխարհի լեզվով շփվելու, աշխարհին Հայաստանի ձայնը լսելի դարձնելու մեր հանձնառության արտացոլումն է։ Հետևողականորեն ընդլայնում ենք միջազգային գործընկերների շրջանակը։ Տարբեր տարածաշրջաններ ընդգրկող երկրների 40-ից ավելի լրատվամիջոցների և մեդիա կառույցների հետ ստորագրել ենք համագործակցության փաստաթղթեր։ Դրանք ամենօրյա հիմքով լրատվության և լուսանկարների փոխանակման, համատեղ ծրագրերի, փոխօգնության մասին են»,-ընդգծեց գործակալության տնօրենը՝ հավելելով, որ «Արմենպրես»-ը բաց է համագործակցության և ջանքերի մեկտեղման` ավանդական լրատվամիջոցների դեմ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում, սոցիալական ցանցերի բերած ապատեղեկատվական հոսքերի, Արհեստական բանականության բերած դիփֆեյքերի դեմ պայքարում։
Իրանական պետական լրատվական գործակալության տնօրեն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ Իրանի ու Հայաստանի միջև պատմությունը, քաղաքակրթությունը, մշակույթը և ժողովուրդների կապն առիթ են հանդիսացել, որ երկու երկրների միջև ստեղծվի հատուկ կապ՝ միաձուլելով երկու ժողովուրդներին։
«Կարծում եմ, որ մենք լրատվական ոլորտում երկու երկրների միջև այս սերտ կապերից հետ ենք մնում։ Առաջարկում եմ, որ միմյանց աջակցությամբ հնարավորինս արագ լրացնենք այս բացը։ Մենք էլ ձեր գործակալության նման հարյուրամյա փորձ ու պատմություն ունենք, որի ընթացքում պահպանել ենք լավագույն ավանդույթներն ու հնարավորությունները։ Կարևորն այն է, որ այս լավ ավանդույթները, կապերը, պատմությունը և մեր միջև արդեն իսկ ստորագրված փաստաթղթերը կարողանանք իրագործել․ այսինքն՝ կարողանանք իրագործել այն, ինչ գրված է թղթի վրա»,-շեշտեց Զաբերի Անսարին՝ ընդգծելով, որ շատ կարևոր է, որպեսզի լրատվականների աշխատանքի շնորհիվ հանրությանը ներկայացվի այն տեղեկատվությունը, որը մտացածին չէ և իսկապես արտացոլում է իրականությունը։
Նա նաև կարևորեց գործակալությունների միջև փոխադարձ այցելությունները՝ կարծիք արտահայտելով, որ նմանատիպ այցերը միայն ամրապնդում են համագործակցությունն ու համատեղ աշխատանքի արդյունավետությունը։
«Կարևորն այն է, որ մեր միջև ստորագրված բոլոր փաստաթղթերն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված հուշագրերը իրականացվեն՝ չմնալով միայն թղթի վրա»,-եզրափակեց նա։
Հանդիպման ընթացքում կողմերը հանդես եկան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և գործընկերության խորացմանն ուղղված առաջարկներով՝ կարևորելով այդ նպատակին հասնելու գործում համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։