Աշխարհ

Ահաբեկչություն Պակիստանում. 10 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Ահաբեկչություն Պակիստանում. 10 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել

Պակիստանի Քվետա քաղաքի Սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու գտնվող բանուկ փողոցում պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 32-ը վիրավորվել է: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Պակիստանի Բելուջիստան մարզի առողջապահության նախարար Բախտ Մուհամմադ Քակարը։

«Պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ, 32-ը վիրավորվել է։ Տուժածները տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց և վնասվածքաբանության կենտրոն», - նախարարը հայտնել է Dawn հրատարակությանը։

Քվետայի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամադ Բալոչի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ականապատ ավտոմեքենան Մոդել Թաունից թեքվել է դեպի Հալի Ռոուդ՝ Սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու։

Բելուջիստան մարզի գլխավոր նախարար Միր Սարֆրազ Բուգտին խստորեն դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես ահաբեկչական ակտ։ 

«Միջադեպից հետո անվտանգության ուժերն օպերատիվորեն և արդյունավետորեն արձագանքել են՝ վերացնելով չորս ահաբեկչի», - գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ 

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ դա մահապարտի կողմից իրականացված ահաբեկչական ակտ էր։

«Նախագահը խստորեն դատապարտել է Քվետայում «Ֆիթնա ալ Խավարիջ» խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը», - ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

«Ֆիթնա ալ Խավարիջ»-ը տերմին է, որը Պակիստանում օգտագործվում է արգելված «Թեհրիքի Թալիբան Պակիստան» շարժմանը պատկանող ահաբեկիչներին նշելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում