Քաղաքականություն

Հայկ Սարգսյանն Ալեն Սիմոնյանի կողմից իր դեմ վարույթի դիմում ներկայացնելը կապում է խաղային ոլորտին վերաբերող իր նախագծի հետ

5 րոպեի ընթերցում

Հայկ Սարգսյանն Ալեն Սիմոնյանի կողմից իր դեմ վարույթի դիմում ներկայացնելը կապում է խաղային ոլորտին վերաբերող իր նախագծի հետ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից կուսակցության վարչությունում իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում ներկայացնելը կապում է խաղային ոլորտին վերաբերող իր հեղինակած նախագծի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Սարգսյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը 2025թ մարտի 4-ին: Դա այն օրն էր, երբ Ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը: Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը: Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել. ինչո՞ւ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, ոչ թե մեկ այլ օր»,- հարցադրում հնչեցրեց Սարգսյանը:

Այսպիսով, պատգամավորը իր դեմ վարույթ հարուցելու վերաբերյալ Ալեն Սիմոնյանի դիմումը կապում է նախագծի քննարկման հետ: Նա նշեց՝ նախագիծը պետք է քննարկվեր 24-ժամյա ռեժիմով: «24-ժամյա ռեժիմով հարցերի քննարկումից հետո նախագիծն անմիջապես քվեարկվում է: Այդ դեպքում բացառություն էր, հարցի քննարկումից հետո հարցը չդրվեց քվեարկության, այն քվեարկության դրվեց հաջորդ օրը»,-նշեց նա: 

Պատգամավորը նշեց՝ ապրիլին նաև  ինքն է դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու հարցով: «Հարցը չի քննարկվել ու քվեարկվել մինչև սեպտեմբեր: Քննարկվել է միայն սեպտեմբերին»,-նշեց Սարգսյանը: 

Անդրադառնալով կուսակցության հաղորդագրությանը, որ իրեն երկու անգամ հրավիրել են իր դիմումի հետ կապված բացատրություններ ներկայացնելու, սակայն ինքը չի կարողացել ներկայանալ՝ Սարգսյանն ասաց. «Դա այդպես չէ: Ես կուսակցությանը խնդրել եմ այդ հատվածը խմբագրել, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել»: 

Անդրադառնալով իր անվան հետ կապվող որոշ խոսակցությունների՝ Հայկ Սարգսյանը նշեց՝ 2019 թվականից, երբ գործունեություն է ծավալել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, իր գործունեությամբ խանգարել է մի շարք գործունեության տեսակների: 

«Առաջին տեղում խաղային ոլորտն է: Ես դա համարում եմ չարիք, մշտապես խոսել եմ այդ մասին: Իմ այս հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ: Եվ կարծում եմ, որ հիմնականում և առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել այդ գրոհը: Ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցների բիզնեսի, տարբեր սպանությունների հետ կապ ունենալուց»,-նշեց նա: 

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից հայտնել էին, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ապրիլին ներկայացրած  դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում նրան հայտարարվել է խիստ նկատողություն։ Ըստ կուսակցության հաղորդագրության՝ հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Կուսակցությունից նշել էին, որ վերահսկող հանձնաժողովը Սարգսյանին երկու անգամ հրավիրել է բացատրություններ ներկայացնելու, սակայն վերջինս չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով։ 

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ նշված իրավիճակը ծագել է ԱԺ-ում Սարգսյանի կողմից բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագծի առնչությամբ, որին Ալեն Սիմոնյանն ընդդիմացել է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում