Քաղաքականություն

Իմպիչմենտի ձախողված փորձից հետո ընդդիմությունը փորձում է իշխանափոխության հասնել ԱԺ հայտարարության նախագծով

3 րոպեի ընթերցում

Իմպիչմենտի ձախողված փորձից հետո ընդդիմությունը փորձում է իշխանափոխության հասնել ԱԺ հայտարարության նախագծով

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախորդ ձախողված փորձից հետո ցանկանում է կրկին նման գործընթաց նախաձեռնել՝ քննարկման դնելով դրա վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ։  

«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ։

Լսումների օրակարգում է «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որն ավելի վաղ հրապարակել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։  

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, բացելով նիստը, հայտարարեց, որ արել են ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության։

Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանձնեց իրենց պատգամավորների ստորագրությունները՝ դրանք կցելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախագծին։   

Սաղաթելյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի կարճ ժամկետում հավաքել պակասող ստորագրությունները և խորհրդարանում նախաձեռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Հիշեցնենք, որ վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության նախաձեռնությունը նախկինում ձախողվել էր, քանի որ հնարավոր չէր եղել հավաքել անհրաժեշտ քանակի ստորագրություններ՝ խորհրդարանում գործընթացը սկսելու համար։ Գործընթացը նախաձեռնել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Այդ ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթղթի տակ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորների ստորագրություններն էին, մինչդեռ հարցը խորհրդարանի քննարկմանը հասցնելու համար անհրաժեշտ էր 36 պատգամավորի ստորագրություն։ Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Հայաստան»-ը, հայտարարել էր, որ պատրաստ է տրամադրել իր 28 պատգամավորների ստորագրությունները, եթե նախաձեռնության հեղինակները կարողանան գտնել պակասող երկու ստորագրությունները։ Քանի որ պակասող ստորագրություններն ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ գտնել,  գործընթացը փակուղի մտավ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում