Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայում հայտնի գործարար Գևորգ Ավետիսյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հանդես են եկել բանախոսություններով

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայում հայտնի գործարար Գևորգ Ավետիսյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հանդես են եկել բանախոսություններով

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական միջոցառմանը, որն անցկացվել է սեպտեմբերի 22-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայում բնակվող գործարար, բարերար, «Մառլենկա» ընկերության հիմնադիր Գևորգ Ավետիսյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում վարչապետ Փաշինյանը կարևորել է կրթության առանցքային դերը մարդու կյանքում՝ ընդգծելով, որ ցանկացած հաջողված պատմության հիմքում կանգնած են կրթությունն ու «իմանալ ինչպես»-ի գաղտնիքը։  

Իր նախկին բանախոսությունների ընթացքում վարչապետը միշտ անդրադարձել է Գևորգ Ավետիսյանի հաջողության պատմությանը՝ որպես կենդանի օրինակի, թե ինչպես կարելի է գիտելիքով կառուցել միջազգային ճանաչում ունեցող բրենդ, իսկ միջոցառմանը, որին ներկա է եղել ավելի քան 600 մասնակից, մարդիկ հնարավորություն են ունեցել լսելու այդ հաջողության պատմությունը հենց Ավետիսյանից, որը Չեխիայից Հայաստան է ժամանել հատուկ «Կրթվելը նորաձև է» բանախոսության համար:

Նրա անկեղծ ու պարզ ելույթը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում։ Ավետիսյանը պատմել է, թե ինչպես է սկսել իր գործարար ճանապարհը՝ ձեռքով տան պայմաններում թխված առաջին տորթից մինչ այսօր գործող հսկայական արտադրական գծեր, միջազգային արտահանում և ճանաչում։ Հիացմունքի են արժանի գործարարի նվիրումը, չհանձնվելու ու առաջ գնալու մղումը: 

Միջոցառմանը տեղի է ունեցել նաև ավանդական հարցուպատասխան։ Լսարանին հետաքրքրել են գործարանի հնարավոր բացումը Հայաստանում, ամեն ինչ 0-ից սկսելու դժվարությունները և այլն։

«Կրթվելը նորաձև է» շարժումը միավորել է շուրջ 12 000 մարդու, որոնք հավաքվել են կրթվելու, զարգանալու, տարբեր կարծիքներ լսելու, առողջ քննարկումներ ունենալու և ավելի կրթված հասարակություն կերտելու համար: 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում