Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկում են համագործակցության նոր փաստաթուղթ ընդունելու հարցը

4 րոպեի ընթերցում

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը Հայաստանի անվտանգության առանցքային հենասյուներից մեկն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարում այս մասին ընդգծեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ 

«Մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձևավորում են նոր իրողություններ նոր մարտահրավերներով և մրցակցային օրակարգով։ Այս համատեքստում հատկապես ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը»,-նշեց Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները ավելի քան երեք տասնամյակի պատմություն ունեն․ համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 1994 թվականին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, իսկ 2006 թվականից իրականացվում է անհատական գործընկերության գործողությունների ծրագրերով։  

«Ներկայում քննարկումներ են ընթանում համագործակցության նոր փաստաթղթի՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի հաստատման ուղղությամբ»,-ասաց նա։ 

Քոչարյանը նշեց, որ Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը ներառում է պաշտպանական և անվտանգության համակարգերի բարեփոխումներ, կառավարման թափանցիկության բարձրացում, քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, ինչպես նաև մասնակցություն միջազգային խաղաղապահ առաքելություններին։

«Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վրա։ Այն ոչ միայն պաշտպանական է, այլև համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է Հայաստանի անկախության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը»,-ասաց նա։ 

ԱԺ պատգամավորը հատուկ ուշադրություն դարձրեց հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվությանը և տեղեկատվական միջավայրում մանիպուլյացիաներին՝ նշելով, որ դրանք ուղղված են հասարակական տրամադրությունների թուլացմանը և պետական քաղաքականության տապալմանը։ 

«Հայաստանը բախվում է ապատեղեկատվական քարոզչության նպատակային կիրառմանը։ Այս սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում կարևորում ենք հասարակական իրազեկվածության և թվային գրագիտության բարձրացումը, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կայացման խթանումը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը»,-ընդգծեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարական կայունության կարևոր նախապայման է նաև քաղաքացիական վերահսկողությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում։  

«Այն բարձրացնում է հանրային վստահությունը և ապահովում ուժային կառույցների՝ օրենքին և ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան գործելակերպը»,- ասաց Քոչարյանը։

Նա հավելեց, որ պաշտպանության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության խնդիրները բնական են՝ ազգային անվտանգության առանձնահատկություններից ելնելով, սակայն դրանք չպետք է վերածվեն հաշվետվողականության բացակայության։ 

Հայերեն العربية English Español ქართული Русский 中文

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ