Գրիգորյանն ու Կոսն արձանագրել են՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Երևանում կայացած քննարկման արդյունքում արձանագրել են, որ Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ:
Փոխվարչապետը Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության այցը կարևոր հնարավորություն համարեց Հայաստան–ԵՄ ընդլայնվող գործընկերության շուրջ մտքերի փոխանակման և համատեղ օրակարգի առաջմղման համար:
Կողմերը արդյունավետ քննարկումներ են ունեցել Հայաստան–ԵՄ գործընկերության առաջնահերթությունների, դրանց ուղղությամբ առաջիկա անելիքների և համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:
«Վերջին տարիներին Հայաստան–ԵՄ հարաբերությունները նոր որակ ու խորություն են ձեռք բերել: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր՝ կարևոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով: Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը: Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգն այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա»,–ասաց Գրիգորյանը:
Հայաստանի փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ այս գործընթացը կնպաստի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին:
«Այս առումով հետևողական շարունակելու ենք աշխատանքները Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը՝ որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս»,–ասաց Գրիգորյանը:
Նա ընդգծեց նաև, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ–ի շարունակական աջակցությունը: ԵՄ–ն վստահելի գործընկեր է Հայաստանի սոցիալ–տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին:
«Արձանագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը: Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչև օրս գրանցած առաջընթացը»,–ասաց Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով կլինեն շոշափելի ձեռքբերումներ:
Գրիգորյանը նաև տեղեկացրեց՝ այսօր՝ սեպտեմբերի 19–ին մեկնարկեց Հայաստանի և ԵՄ–ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Սա նոր հարթակ է, որտեղ համատեղ քննարկելու են դեռևս 2024–ի ապրիլին ԵՄ կողմից հաստատված «Հայաստանի դիմակայունության և աճի պլանի» շրջանակում բազմոլորտ բյուջետային աջակցության իրականացման ընթացքը: