ՀՀ վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է 3480 քմ տարածքի վրա հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագիծը: Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նախատեսվում է՝ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է:
Ըստ նախագծի, կվերակառուցվեն նաև հենապատերը, կբարեկարգվեն գետի վրայի երկու ջրվեժները, կկառուցվի դիմացի մայթ տանող կամրջակ: Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի էկոլոգիական վիճակի վերականգնմանը:
Նախագծի նպատակն է՝ հիմնվելով Հրազդանի կիրճի բազմաշերտ ժառանգության վրա, ապահովել ժամանակակից ու կայուն զարգացում:
Հաջորդիվ վարչապետն այցելել է Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակ՝ («Բիձու գյոլ»), որտեղ ծանոթացել է իրականացված վերականգնման աշխատանքներին: վերականգնվել է լողավազանը, կառուցվել է նոր հանդերձարան, վերանորոգվել մարզահրապարակի մարզասարքերը:
Այստեղ մարզվողները շնորհակալություն են հայտնել ստեղծված պայմանների համար և նշել, որ մարզահրապարակ հաճախողների թիվը վերջին շրջանում կտրուկ ավելացել է: