Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը դժվարանում է առաջիկա ընտրություններում իշխող կուսակցությանը լուրջ մրցակից համարվող գործչի կամ ուժի անուն տալ

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը դժվարանում է առաջիկա ընտրություններում իշխող կուսակցությանը լուրջ մրցակից համարվող գործչի կամ ուժի անուն տալ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դժվարանում է որևէ քաղաքական ուժի կամ գործչի անուն տալ, որին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է իրեն լուրջ մրցակից համարել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Շատ տրիվիալ է, ես իսկապես դժվարանում եմ ինչ-որ մեկի անունը տալ»,- ասել է Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժին կամ գործչին կարող է ՔՊ-ն համարել իրեն արժանի և լուրջ մրցակից առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ 

Լրագրողները նաև քաղաքական գործիչների անուններ են հնչեցրել, որոնք կարող են լուրջ մրցակից լինել իշխող կուսակցությանը։ 

Մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով Ալեն Սիմոնյանն ասել է. «Ռոբերտ Քոչարյանի պարագայում, օրինակ, ես մտածում եմ, որ ինքը կարող է մեզ «քաշել», չդնել իր թեկնածությունը, և այդ պարագայում մենք պրոբլեմ կունենանք»։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասով էլ ԱԺ նախագահն ասել է. «Սերժ Սարգսյանի պարագայում ես համարում եմ, որ նա ամեն ինչ կանի, որ մեզ օգուտ բերի»։ 

Լրագրողներից մեկը հնչեցրեց նաև Արթուր Վանեցյանի անունը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Արթուր Վանեցյանը կա իրենց տանը և իր փոքր շրջապատում ու այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են ոնց անեն, նրա կողքին լինեն, որ մի քիչ փող տա, որպեսզի կարողանան իրենց կյանքը դասավորել։ Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ երբևիցե կլինի»։ 

Իսկ հարցին, թե առաջիկա ընտրություններում ո՞րն է լինելու իրենց գլխավոր մարտահրավերը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ իրենց գլխավոր մարտահրավերը լինելու է ՀՀ քաղաքացիներին իրենց արածը ներկայացնելն ու համոզելը, որպեսզի քաղաքացիները քվեարկեն իրենց օգտին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում