Իրավունք

Աննա Վարդապետյանը հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Խուան Բաուտիստա Մահիկեսի հետ

2 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանը հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Խուան Բաուտիստա Մահիկեսի հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում  2025 թվականի սեպտեմբերի 9-ին հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ, Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Խուան Բաուտիստա Մահիկեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ 

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահին՝ վստահության և աջակցության համար և ընդգծել, որ իր համար պատիվ է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ ընտրվելն ու դատախազական միջազգային համայնքի հետ մասնագիտական երկխոսության այս նոր ձևաչափով աշխատանքը շարունակելը:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մոտեցումը՝ ուղղված դատախազների մասնագիտական կրթության շարունակական բարելավմանը և ընդգծել, որ ՀՀ դատախազության համար դատախազների պարբերական վերապատրաստումները ևս առաջնահերթություն են:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահին՝ տարեկան համաժողովին մասնակցելու հրավերի համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը կշարունակի խորացնել իր համագործակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել էր Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Այսօր կայացած ընտրության արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ: 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում