Եվրոպա

Հայաստանի բնապահպանական օրակարգի շրջանակում Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բնապահպանական օրակարգի շրջանակում Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում՝ ընդլայնելով այն թե՛ քաղաքական, թե՛ գործնական հարթակներում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ Հայաստանի Հանրապետությանը տարիներ շարունակ ցուցաբերած հետևողական աջակցության համար։

Ըստ նախարար Մաթևոսյանի՝ ԵՄ-ի աջակցությամբ իրականացված և շարունակվող ծրագրերը՝ կլիմայի փոփոխության, մթնոլորտային օդի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում, էական ներդրում են ունեցել Հայաստանի կայուն զարգացման գործում։

Կողմերը քննարկել են նաև կանաչ անցման, վերականգնվող էներգիայի և կլիմայի դիմակայունության ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Շեշտադրվել է մթնոլորտային օդի մոնիթորինգի և կառավարման համակարգերի զարգացումը, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի նշանակությունը։

Հանդիպման առանցքային թեմաներից էր Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպման և նախապատրաստական գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականին Հայաստանում։ Նախարարը ներկայացրել է, որ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են տարվում համաժողովի բովանդակային օրակարգի մշակման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև տեղական և միջազգային շահակիցների ներգրավման ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ համաժողովը դիտարկվում է որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հանձնառությունը համաշխարհային կենսաբազմազանության պահպանության գործում։

Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցությունն առաջիկա տարիներին կվերածվի շոշափելի արդյունքների՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում