Թրամփին ուղղված բաց նամակում Կավելաշվիլին շեշտել է ԱՄՆ-ի կողմից սերտ հարաբերությունների հաստատումը Վրաստանի հարևանների հետ

4 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հույս հայտնելով, որ նրա նախագահությունը «կամրապնդի Ամերիկայի Միացյալ Նահանգները և կբերի ավելի մեծ բարգավաճում ամերիկացի ժողովրդին, ինչպես նաև ավելի շատ խաղաղություն, հանգստություն և բարգավաճում ամբողջ աշխարհին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը հրապարակել է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Ինչպես Վրաստանի կառավարության ղեկավարները բազմիցս հրապարակավ հայտարարել են, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերակարգավորումը և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնումը մաքուր էջից Վրաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկն է», - գրել է Կավելաշվիլին՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից չեղարկվել է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ որպես «ինքնիշխան պետության դեմ ուղղված անարդար, կոշտ և ագրեսիվ քաղաքականության մաս»։

Վրաստանի նախագահը նաև նշել է, որ Թրամփի վարչակազմը «պատշաճ ուշադրություն չի դարձնում Վրաստանին, ինչը կառավարությունների միջև լիակատար արժեքային համապատասխանության ֆոնին առաջացնում է զարմանք վրացական հասարակության շրջանում»։ 

«Այն հարցերը, որոնց վրա այսօր կենտրոնանում է ձեր վարչակազմը, տարիներ առաջ քննարկվել են Վրաստանի իշխող թիմի կողմից։ Սակայն, չնայած նույնական աշխարհայացքին, որքան էլ զարմանալի լինի, ցավոք, ձեր վարչակազմի փոխարեն Վրաստանում դեռևս գործում է «Դիփ Սթեյթը», որն, օգտագործելով USAID-ի, NED-ի և այլ նմանատիպ կազմակերպությունների օրինակով հաստատված ավանդական կոշտ մեթոդները, դեռևս փորձում է անկայունություն մտցնել և խաթարել Վրաստանում խաղաղությունը», - նշել է Կավելաշվիլին՝ շեշտելով, որ «Դիփ Սթեյթի» կողմից կազմակերպված հեղափոխության չորս փորձերը խափանվել են։

Վրաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Դոնալդ Թրամփն իր նախագահության մի քանի ամիսների ընթացքում սերտ հարաբերություններ է հաստատել Վրաստանի բոլոր հարևան երկրների հետ։

«Դուք հաջողությամբ նպաստել եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ակտիվորեն համագործակցում եք Թուրքիայի կառավարության հետ և նույնիսկ վերականգնել եք գործընկերությունը Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն այս ֆոնի վրա ձեր վարչակազմը ոչինչ չի ասում Վրաստանի մասին, որն, ինչպես ես արդեն նշել եմ, զարմանալի է վրացական հանրության համար», - գրել է Վրաստանի նախագահը։

Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը տրամաբանական ուշադրություն չի ցուցաբերում Վրաստանի նկատմամբ։

«Ձեր պասիվությունը վրաց ժողովրդի մոտ կասկածներ և հարցեր է առաջացնում այն ​​մասին, թե որքանով են ազատ և անկեղծ ձեր վարչակազմի գործողությունները տարածաշրջանում խաղաղության ամրապնդման առումով», - նշել է Կավելաշվիլին՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ վարչակազմի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։ 

«Անձամբ ես, որպես Վրաստանի նախագահ, պատրաստ եմ անել ամեն ինչ՝ օգնելու վրացական կառավարությանը իրականացնել իր հայտարարած նպատակը՝ վերականգնել Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից և կոնկրետ ճանապարհային քարտեզով», - ասվում է բաց նամակում։ 

Հայերեն Русский