Հայաստան

ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ չի կարող հաղթել ՀՀ-ին, ՀԷՑ-ը պետք է ծառայի ժողովրդին. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ չի կարող հաղթել ՀՀ-ին, ՀԷՑ-ը պետք է ծառայի ժողովրդին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է այն սցենարը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շարունակի չծառայել Հայաստանի ժողովրդին, ինչպես, ըստ նրա, եղել է նախկինում` մինչև դրա ազգայնացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից քայլեր ձեռնարկելը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«ՀԷՑ–ի գործով որևէ մեկը որևէ տեղ Հայաստանին չի կարող հաղթել: Այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Բացառված սցենար է, որ ՀԷՑ-ը շարունակի չծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,–ասաց Փաշինյանը:

2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանը միտված նախագիծ։ Մինչ այդ ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

2025 թվականի հուլիսի 18-ին, հիմնվելով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի վրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ էր նշանակել Ռոմանոս Պետրոսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ 

ՀԷՑ-ի սեփանակատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ՀՀ իշխանությունների՝ վերը նշված որոշումները։ 

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ՀՀ կառավարությունը հայտարարություն էր տարածել Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռի վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասվում էր. «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում