Չինաստանի արևելքի 4 նահանգները միմյանց կապող Չուջիանգ նավահանգիստը մշտապես ձգտում է մեծացնել բեռնափոխադրումների ծավալը
5 րոպեի ընթերցում
Չինաստանի Ջեջիան նահանգի Չուջիանգ նավահանգիստը, որն ամենամեծն է ներքին նավահանգիստների շարքում, ընդգրկում է շուրջ 792 մյու (մոտավորապես 53 հեկտար) տարածք՝ միմյանց կապելով 4 նահանգներ: Այն ունի 24 բազմաֆունկցիոնալ նավամատույցներ, որոնք կարող են տեղավորել 500 տոննա տարողությամբ նավեր և միանում է 32 նավարկելի երթուղիների՝ սպասարկելով յոթ նահանգների 32 քաղաքներ: Նավահանգիստն ամեն տարվա արդյունքներով զգալի աճ է գրանցում ինչպես ֆինանսական հոսքերի, այնպես էլ շրջակա նահանգների ու քաղաքների հետ առևտրի ծավալների մեծացման առումով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատմեցին «Չինաստանը մոտիկից» ծրագրի շրջանակում Ջեջիան նահանգ այցելած միջազգային լրագրողներին հյուրընկալած նավահանգստի աշխատակիցները՝ ընդգծելով, որ Չինաստանի պատմության ընթացքում նավահանգիստը, որը կրում է հենց Չուջիանգ գետի անունը, մշտապես համարվել է զարգացած և ակտիվ առևտրի գոտի։
Նրանց բնորոշմամբ՝ սկսած 2020 թվականից, երբ տեղի է ունեցել նավահանգստի բացումը, Չուջիանգը գրանցել է թողունակության զգալի աճ՝ 500.000 տոննայից մինչև 4.2 միլիոն տոննա, ինչը կազմում է ութսունհինգ տոկոս աճ:
«Նավահանգստի տարածքն ավելի է զարգացել և ընդլայնվել սկսած 1980-ական թվականներից, իսկ վերականգնման վերջին աշխատանքներն իրականացվել են 2018 թվականին՝ այն դարձնելով Ջեջիան նահանգի ամենաբանուկ առևտրային հանգույցներից մեկը»,-ասացին նավահանգստի աշխատակիցները։
Նավահանգստի հարևանությամբ՝ հենց գետի վրա, կառուցվել է նաև հիդրոէլեկտրոկայան, որի արտադրած էլեկտրաէներգիան օգտագործվում է նավահանգստի աշխատանքները կազմակերպելու համար։
Նավահանգստի նավարկության ծախսերը տարիների ընթացքում նվազել են 43 յուանից մինչև 17 յուան՝ մեկ տոննայի համար, ինչը լոգիստիկ ծախսերի մեջ տեղական ձեռնարկությունների համար խնայել է ավելի քան 300 միլիոն յուան:
Չուջիանգ նավահանգստի արագ զարգացումը պայմանավորված է ինտեգրված արդյունաբերական պարկով, որը ներառում է I և II փուլերի նավահանգիստներ, փակ ջրհորներ, սառը շղթայի լոգիստիկ բազա և խելացի նավահանգստի տվյալների կենտրոն:
Նավահանգստի աշխատակիցների խոսքով՝ նավահանգստի միջոցով իրականացվում են բեռնափոխադրումներ ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման և ներմուծման նպատակով։
Նրանք նշեցին, որ 2025 թվականի փետրվարի 26-ին տեղի է ունեցել խոշոր իրադարձություն, երբ «Ջիանջու 007» նավը Չանգշու նավահանգստից՝ ջրից ջուր փոխադրման միջոցով, Դալուժանգի շահագործման տարածք է հասցրել Բրազիլիայից ներմուծված ցելյուլոզի առաջին խմբաքանակը, և այս իրադարձությունը նշանավորել է նավահանգստի հարևանությամբ գտնվող Չուժոու քաղաքի առաջին պարտադիր ներմուծման մաքսազերծումը՝ արագացնելով նավահանգստի անցումը մշակման նավահանգստից առևտրային նավահանգստի:
2025 թվականի մայիսին նավահանգստի մաքսային ծառայությունը չորս նահանգների խաչմերուկում գործարկել է տարածաշրջանի առաջին ջրային նավահանգստի տիպի մաքսային հսկողության կենտրոնը: Այս կենտրոնը հնարավորություն է տալիս նավերը բեռնել անմիջապես ժամանման պահին և անմիջապես վերցնել ներմուծման և արտահանման համար նախատեսված մաքսատուրքերը՝ մոտ 50%-ով բարձրացնելով մաքսազերծման արդյունավետությունը և իրականացնելով «գլոբալ առևտուրը՝ դռան շեմին» տեսլականը:
Խոսելով ապագա նպատակների և ծրագրերի մասին՝ նավահանգստի ղեկավարները նշեցին, որ ապագայում այն նպատակ ունի կառուցել ջրային ուղիների լոգիստիկայի վրա կենտրոնացած բազմամոդել տրանսպորտային համակարգ, ներգրավել մայրուղային և ճյուղային բաշխման ցանցեր, ներգրավել ազգային առևտրային ձեռնարկություններ և ստեղծել տարածաշրջանային բաշխման կենտրոններ՝ ածուխի, թղթի, պողպատի և հացահատիկային մեծածախ ապրանքների համար:
«Նպատակն է Չուջիանգը վերածել տարածաշրջանային ռեսուրսների բաշխման և միջազգային լոգիստիկ կենտրոնի, որը սպասարկում է չորս նահանգների սահմանամերձ տարածքները»,-ընդգծեցին նրանք: