Սպորտ

ՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել

3 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ:  

Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել:  

Տոմսերի պաշտոնական վաճառքից դեռ ամիսներ առաջ համացանցում եղել են վաճառքի վերաբերյալ ոչ պաշտոնական հայտարարություններ, հիմա էլ ոմանք աստղաբաշխական գներով տոմսեր են վաճառում:  

Վերավաճառողների դեմ պայքարելու համար ՀՖՖ-ին խորհուրդ էին տալիս հանդիպման տոմսերը վաճառել 100․000-200․000 դրամ, բայց ՀՖՖ ռազմավարության հիմնական ուղղություններից է ֆուտբոլը որպես սոցիալական երևույթ ընկալելը։ Բնականաբար, տոմսերի նման թանկացում չէր կարող լինել:

Տեղեկացնենք, որ 14․000 նստատեղով ստադիոնի մոտ 7․000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1000-3000 դրամ: Շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ:

ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի:

ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար: ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնենք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը»:

Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն:

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում