Քաղաքականություն

Պետք է երկրների ճշգրիտ չափերը վերականգնվեն․ վարչապետն անդրադարձել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը

3 րոպեի ընթերցում

Պետք է երկրների ճշգրիտ չափերը վերականգնվեն․ վարչապետն անդրադարձել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ արդյոք Բաքուն հստակեցրել է, թե ի՞նչ սահմաններով է ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և ե՞րբ են պատրաստվում իրենց զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ 

«Արմենպրես»-ի թղթակցի՝ վերոնշյալ հարցին ի պատախան Նիկոլ Փաշինյանը հղում կատարեց Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի 5-րդ կետին։

«Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,- մեջբերեց ՀՀ վարչապետը օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հռչակագրից՝ հիշեցնելով, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում նշվում է՝ Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգրիտ նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ և Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական՝ անկախ Ադրբեջանի տարածքի հետ։

Վարչապետի խոսքով՝ հարցի լուծումը սահմանազատման գործընթացի շարունակությունն է։ Կա նաև երկրորդ տարբերակ՝ հանրաքվեն, որը, սակայն, առավել բարդացնում է գործընթացը։

«Կան տարածքներ, որոնք, ըստ տրամաբանության, պատկանում են Հայաստանին, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Բայց նաև պետք է ասենք, որ կան տարածքներ, որոնք, ըստ տրամաբանության, պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Պետք է սահմանազատման պրոցեսը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք մեր վերահսկողության ներքո ունենք մեզ չպատկանող տարածքներ՝ պետք է վերադարձնենք Ադրբեջանին, և որտեղ Ադրբեջանն ունի իր վերահսկողության տակ գտնվող, բայց իրեն չպատկանող տարածքներ՝ պետք է վերադարձնի մեզ։ 

Կամ, կրկին համարժեքության սկզբունքի հիման վրա, օրինակ՝ հանրաքվեի միջոցով, որոշակի տարածքների փոխանակում պետք է իրականացվի այն տրամաբանությամբ, որ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն անխախտելի մնա, նույնն էլ՝ Ադրբեջանի տարածքը։ Պետք է տարածքների ճշգրիտ չափերը վերականգնվեն։ Բայց երկրորդ պարագայում պետք է լինի հանրաքվեով, ինչը բավականին բարդացնում է գործընթացը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործը երկրորդ տարբերակին չի հասնի։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում