Չինաստան

Վերջին տարիներին հայ-չինական փոխգործակցությունը տարբեր ոլորտներում վերընթաց զարգացում է ապրում. Էդվարդ Ասրյան

5 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին հայ-չինական փոխգործակցությունը տարբեր ոլորտներում վերընթաց զարգացում է ապրում. Էդվարդ Ասրյան

Հայ-չինական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Հատկապես վերջին տարիներին փոխգործակցությունը տարբեր ոլորտներում վերընթաց զարգացում է ապրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանն այդ երկրի բանակի 98-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

«Ժամանակակից չինական բանակն արդեն 98 տարեկան է, բայց այն ոգեշնչվում է հազարամյա պատմություն ունեցող Չինաստանի ազատության և անկախության պաշտպանների մարտական ոգով ու փառքով։ Դարեր շարունակ չինացի մարտիկը հանդիսանում է արիության և անձնվիրության օրինակ։ Նրա անսահման նվիրվածությունը հայրենիքին և ռազմական արհեստավարժությունը սկիզբ են դրել այն ստեղծագործական ուժի ծագմանը, որն օգնել է չին ժողովրդին դիմակայել ամենածանր պայմաններին»,- ասաց Ասրյանը։

Նրա բնորոշմամբ՝ Չինաստանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, և բարեկամական երկկողմ համագործակցության կապերի հետագա զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է։

«Հայաստան-Չինաստան հարաբերությունները հիմնված են ավանդական փոխադարձ հարգանքի, քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և փոխադարձ համաձայնության ու փոխըմբռնման վրա, կրում են բազմակողմ բնույթ՝ ընդգրկելով հասարակական, քաղաքական, տնտեսական մշակութային և այլ բնագավառներ։ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՉԺՀ նախագահի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծում, որին համահունչ է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը՝ պաշտպանել խաղաղությունը ողջ աշխարհում»,- ասաց Ասրյանը։

Նրա հավաստմամբ՝ Հայաստանն աջակցում է համատեղ զարգացմանը՝ ձգտելով մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցմանը։

«ՉԺՀ-ի հետ պաշտպանական ոլորտում փոխգործակցության զարգացումը գտնվում է ՀՀ ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, և այս համատեքստում մեզ համար առավել կարևոր են պաշտպանական գերատեսչությունների ղեկավար կազմերի մակարդակով մշտական գործնական շփումները։ Ակտիվորեն ամրապնդվում է մեր փոխգործակցությունն անվտանգության բնագավառում։ 2023-24 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում կայացած Սյան-Շանի միջազգային անվտանգության հարցերով 10-րդ և 11-րդ համաժողովներին, որոնց շրջանակում արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալի և պաշտպանության նախարարի հետ, ինչը խթան է հանդիսացել երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար»,- նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

Ասրյանը հավելեց, որ երկկողմ համագործակցության ամենամյա ծրագրերի միջոցով իրականացվում է պատվիրակությունների փոխանակում, փորձագիտական մակարդակով անցկացվում են աշխատանքային հանդիպումներ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր կարևոր ուղղություններով։ Ռազմագիտության ոլորտում սերտ կապեր են հաստատվել ՉԺՀ Ռազմական գիտությունների ակադեմիայի և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ու Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև։

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի կառավարության որոշումը՝ ՉԺՀ ուսումնական հաստատություններում ՀՀ զինված ուժերին հատկացված տեղերի վերաբերյալ, որոնց քանակը տարեցտարի ավելանում է։ Բավականին բարձր արդյունավետությամբ է իրականացվում ՉԺՀ կառավարության և զարգացող պետությունների միջև միջազգային համագործակցության ծրագիրը, որի համաձայն՝ ընթացիկ տարում Չինաստանում կազմակերպված սեմինարների մեկնել են մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ու ԶԼՄ ներկայացուցիչները, կապի ստորաբաժանումների մասնագետները, տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության ապահովման մասնագետներն ու այլոք»,- ասաց Ասրյանը։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հավաստմամբ՝ Հայաստան-Չինաստան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և նախանշվում է զարգացում մի շարք ուղղություններով։  

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում