Ռազմական

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը

3 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Պարոնայք գեներալներ, սպաներ, սիրելի ծնողներ, հարգելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ։ Սա այն օրն է, երբ հերթական սպայական փաղանգը մուտք է գործում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Դուք այսօր ստացել եք առաջին սպայական պատվաբեր կոչումը, ինչը, ըստ իս, ամենաբարձր ու առաքինի կոչումն է մերօրյա Հայաստանում։ Այս պատվաբեր դերակատարումը մեծ պարտավորություն է դնում յուրաքանչյուրիդ ուսերին։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ ու յուրաքանչյուրիդ ընտանիքի անդամներին այս որոշումն ընդունելու համար։ Տարիներ առաջ դուք որոշել եք դառնալ Հայաստանի Հանրապետության բանակի կարևոր մասնիկը։ Այսօր արդեն դուք դառնում եք այդ կարևոր համակարգի հրամկազմի կարևոր օղակ։ Իհարկե, հեշտ չի ճանապարհը, դժվարությունները շատ են, բայց նաև այն գիտելիքները, որ դուք ամբարել եք այս տարիների ընթացքում, մեծապես օգնելու է ձեզ այդ դժվարին ճանապարհին։ Յուրաքանչյուր սպա, գեներալ, որ կանգնած է այս հրապարակում, իմացեք՝ մշտապես կանգնած է ձեր թիկունքին՝ ձեր առաջընթացը, ձեր մասնագիտական որակը բարձրացումն ապահովելու գործում։ Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ իրականում այս տղաների ու աղջիկների խումբը, որոնք մտնում են զինված ուժեր՝ որպես կայացած սպաներ, իրենց ուղերձն են տանում ռազմական ակադեմիայից, որտեղ նոր կրթական համակարգով, նախկինում եղած փորձի բովով անցնելուց հետո դուք ձեր փորձը պիտի փոխանցեք մեր զինվորներին, ձեր ենթակա անձնակազմին։ 

Սերժանտական համակարգի ներդրումից հետո, իհարկե, դասակի հրամանատարի դերակատարումն էապես փոխվելու է, բայց այստեղ չի պակասելու ձեր պատասխանատվությունը։ Շատ կարևոր է ձեր գիտելիքների ու այդ գիտելիքների հիման վրա ստեղծագործական միտքը։ Անհրաժեշտ պահին դուք պիտի առաջնորդեք ձեզ վստահված անձնակազմին՝ անսասան պահելով մեր հայրենիքի սուրբ սահմանները։ Հարգելի շրջանավարտներ, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիդ, ձեզ ուժ, կորով ու հաջողություն եմ մաղթում։ Ձեզ բարի երթ»,- իր ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում