Տնտեսություն

ՀՀ նախագահն ընդգծել է կառավարությանն ու գործող իշխանությանը մասնագիտական աջակցություն ցուցաբերելուն միտված ՀԱԳՄ ջանքերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդգծել է կառավարությանն ու գործող իշխանությանը մասնագիտական աջակցություն ցուցաբերելուն միտված ՀԱԳՄ ջանքերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով:

Նա նշել է, որ քննարկումները հիմնականում վերաբերել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ուղիների կատարելագործմանը։ Կարամանուկյանը հայտնել է, որ այս ուղղություններով ՀԱԳՄ-ն իրականացրել է որոշակի վերլուծություններ և հետազոտություններ, որոնք պատրաստ է ներկայացնել՝ ստանալու հետագա աշխատանքների համար անհրաժեշտ ուղղորդումներն ու ձևավորելու համագործակցության հնարավորություններ։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության շարունակական ջանքերը՝ միտված կառավարությանն ու գործող իշխանությանը մասնագիտական աջակցություն ցուցաբերելուն՝ արդյունավետ որոշումների կայացման գործընթացում:

«Տարիներ շարունակ ձեր գործունեությամբ փորձել եք աջակցել կառավարությանը և գործող իշխանությանը արդյունավետ որոշումներ կայացնելու առումով։ Շատ կարևոր է ձեր ակտիվությունը։ Դուք ունեք բանիմաց փորձագետներ, և նրանց կարծիքը արժեքավոր է»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նախագահը բարձր է գնահատել ՀԱԳՄ գործունեությունն ու պատրաստակամությունը՝ ներգրավվելու խնդիրների համատեղ քննարկման և լուծումների մշակման գործընթացներում՝ ընդգծելով արագ արձագանքելու և իրավիճակը խորությամբ վերլուծելու միության կարողությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում