Քաղաքականություն

Ինչպես ձեզ պահում եք ձեր հիմնական քաղաքացիության երկրում, այդպես էլ վարվեք Հայաստանում. Փաշինյանը` Սամվել Կարապետյանի մասին

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հայտարարություններին Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու մտադրության մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին, վարչապետն ընդգծեց՝ ով գրպանում մի քանի երկրի անձնագիր ունի, գալիս է Հայաստանը փրկելու, մինչդեռ մեր երկիրը բաց բաժնետիրական ընկերություն կամ խոպան չէ։

«Ասում էին, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում ծավալում է քաղաքական գործունեություն։ Ես հարցնում եմ՝ նրա հիմնական քաղաքացիության երկրի մտքով կարո՞ղ է անցնել, որ Սամվել Կարապետյանը կարող է իրեն այնպես պահել, ինչպես փորձում է անել Հայաստանում։ Եթե հանկարծ նրա հիմնական քաղաքացիության երկրում Կարապետյանի գլխում նման միտք ծագի, ապա հնարավորինս շուտ ամենաբարձր հարկի պատուհանից իրեն դուրս կնետի։ Հայաստանը «պռոխոդնոյ դվոր» չէ։ Ինչպես ձեզ պահում եք ձեր հիմնական քաղաքացիության երկրում, այդպես էլ վարվեք Հայաստանում»,-հորդորեց ՀՀ վարչապետը։

Նա վստահեցրեց, որ ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել, ապա ինքն անմիջապես գործի կդնի ժողովրդի կողմից իրեն տրված պողպատե մանդատը։ 

«2021 թվականի ընտրություններից ի վեր մենք գերկենտրոնացած ենք եղել Հայաստանի պետականության, ինքնիշխանության և անկախության հարցերի վրա, իսկ նրանք, ովքեր այդ ընթացքում զբաղվել են թալանով, ոչ մի տեղ չեն փախչելու։ Արդարադատության մեխանիզմը սկսել է լիարժեքորեն գործել։ Աշխատում է նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, իրականացվում են քրեական հետապնդումներ։ Ասացեք խնդրեմ, ինչպես կարող է մարդը Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ, եթե չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու։ Թող հրաժարվեն իրենց հիմնական կեցության երկրի քաղաքացիությունից, հետո գան և այստեղ որքան ուզում են, զբաղվեն քաղաքական գործունեությամբ»,- ասաց Փաշինյանը։    

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին կալանավորվել է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանն օրերս կալանավայրից հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ նոր քաղաքական ուժ է ստեղծելու, իսկ քաղաքական թիմի ձևավորման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում