Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել է առաջին տիկնանց գլոբալ ակադեմիային

6 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Նյու Յորքում հուլիսի 7-ից 10-ը մասնակցել է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային, որն անցկացվում է GFLA-ի և Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի հանրային առողջության դպրոցի հետ համատեղ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը։ հիմնադրամը։ 

Ակադեմիային մասնակցել են նաև աշխարհի տարբեր տարածաշրջանների տասնյակ առաջին տիկնայք, այդ թվում՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կինը՝ Սառա Բրաունը, Իսլանդիայի նախկին առաջին տիկին Էլիզա Ռեյդը, Գվատեմալայի առաջին տիկին Լուկրեսիա Պեյնադոն և այլն։  

Ակադեմիան միավորում է աշխարհի տարբեր երկրների առաջին տիկնանց և ոլորտի առաջատար փորձագետներին՝ առաջնորդության հմտությունների զարգացման, հանրային դիվանագիտության ամրապնդման և գլոբալ խնդիրների շուրջ երկխոսելու նպատակով։ 

Պաշտոնական ողջույնի նիստում, որի ընթացքում առաջին տիկնայք փոխանակվում էին իրենց իրականացրած նախաձեռնություններով և ծրագրերով, տիկին Աննա Հակոբյանը հանդես է եկել ելույթով. 

«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, որոնց մենք սիրով կլսենք»,- նշել է Աննա Հակոբյանը։ 

Հուլիսի 8-ի հանդիպման օրակարգի գլխավոր թեման է եղել «Առաջնորդություն ներսից. Ինքնակառավարման ուժը և դիմացկուն առաջնորդության մեթոդները»: Քննարկումների առանցքում են եղել առաջին տիկնանց ազդեցությունը և նրանց տեսլականը հանրային կյանքի տարբեր հարթակներում։ Ակադեմիայի հիմնադիր, հանրահայտ առաջնորդության և հանրային դիվանագիտության փորձագետ Կորա Նոյմանը, դիմելով ներկաներին, ընդգծել է․
«Ձեզանից յուրաքանչյուրը կրում է բացառիկ պատասխանատվություն։ Դուք կանգնած եք պետությունների ղեկավարների, բայց, որ ավելի կարևոր է, ձեր ժողովրդի կողքին։ Երբ մեր աշխարհը բախվում է միաժամանակ մի քանի ճգնաժամերի, ձեր դերն այսօր ավելի կենսական է, քան երբևէ՝ որպես պետությունների փափուկ ուժի կրողներ և հասարակական դիվանագիտության կարևոր դերակատարներ»։ 

Հուլիսի 8-ին իրենց դիտարկումներով, փորձով ու գիտելիքներով կիսվել են  նաև այլ  մասնակիցներ։ Մասնակիցներից մեկի՝ Նամիբիայի նախկին առաջին տիկին Մոնիկա Գեյնգոսի անձնական պատմությունն ու կյանքի ուղին՝ որպես առաջին տիկին, իր առջև դրված մարտահրավերներով ու կյանքի անսպասելի շրջապտույտով հանդերձ, շատ է հուզել  ներկաներին։ Օրվա երկրորդ մասում ներկայացվել է GFLA-ի «10-քայլ առաջնորդության մոդելը», որը ներառում է սեփական պատմության կառուցում, կոնֆլիկտների կառավարում, նպատակների ձևակերպում, ռազմավարական պլանավորում, կառավարման հմտություններ և այլն։ Սեմինարը վարել է սենատոր Կորա Նոյմանը։ 

Ակադեմիայի դասընթացների երկրորդ օրը գլխավոր բանախոսը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային համագործակցության և կոնֆլիկտների լուծման կենտրոնի հիմնադիր տնօրեն Պիտեր Թ. Քոլմանն է եղել։ Նա աշխարհի առաջատար մասնագետներից է բարդ հակամարտությունների, սոցիալական բևեռացման և կայուն խաղաղության հարցերում։ Նրա բանախոսության թեմաները ներառել են բարդ իրավիճակներում բարձր մակարդակի ինտելեկտ ունեցող առաջնորդների յոթ սկզբունքները, առաջնորդության դասեր «վարպետ խաղաղարարներից» և այլն։ Քոլմանը իր հեղինակած «The Way Out: How to Overcome Toxic Polarization» գիրքը նվիրել է բոլոր մասնակիցներին՝ իր մակագրությամբ։ 

Նա խոսել է, թե ինչպես կարող են առաջնորդները կիրառել մեթոդներ հանրային պառակտումներին և բևեռացմանը հակազդելու համար։ Դրանից հետո մասնակիցները բաժանվել են խմբերի՝ աշխատելու և խորացնելու ներկայացված մեթոդների գործնական կիրառման հնարավորությունները։ 

Հուլիսի 9-ին ելույթներով են հանդես եկել նաև Նիգերիայի առաջին տիկին Օլուրեմի Թինուբուն, Մալավիի հանրային առողջապահության փորձագետ Քրիստինա Չիլիմբան, GE HealthCare հիմնադրամի կանանց առողջության նախագահ և գործադիր տնօրեն Ջյոտի Գուպտան, Սիջեյ Ժիրարդը՝ «PepsiCo»-ի միջազգային գործընկերությունից։ 

««Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասնակցությունը այսօրինակ գլոբալ ակադեմիային նոր հնարավորություն է՝ խորը ճանաչելու հանրային դիվանագիտության ժամանակակից միտումները, ծանոթանալու միջազգային լավագույն փորձերին և զարգացնելու այն առաջնորդական հմտությունները, որոնք կծառայեն Հայաստանի կրթական, հասարակական, սոցիալ-տնտեսական ծրագրերին։ 

Տիկին Հակոբյանի խոսքով՝ նման միջազգային հարթակներին մասնակցությունը նաև անձնական կրթություն է, որն օգնում է ավելի ազդեցիկ լինել երկրի ներսում նախաձեռնություններ իրականացնելիս՝ կրթության և խաղաղության ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում