Ասիա

«Jazeera Airways» ավիաընկերությունը գործարկել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթները

2 րոպեի ընթերցում

«Jazeera Airways» ավիաընկերությունը գործարկել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթները

Զվարթնոց միջազգային օդանավակայանում հուլիսի 8-ին դիմավորել են «Jazeera Airways» ավիաընկերության կողմից գործարկվող չվերթը Քուվեյթից: Միջոցառմանը մասնակցում էին «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանը և այլ հյուրեր:

«Որախ ենք ականատեսը լինելու Երևանի և Քուվեյթի միջև հաղորդակցության բացմանը, որը նշանակալի քայլ է և արտացոլում է մեր երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև՝ խթանում զբոսաշրջությունն ու գործարար կապերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն.

Քուվեյթի առաջատար բյուջետային ավիափոխադրող «Jazeera Airways» ավիաընկերությունը սպասարկում է ավելի քան 60 ուղղություններ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում՝  շարժակազմում ունենալով 24 օդանավ, որից 11-ը՝ Airbus A320 neo։

«Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին նշել է, որ ներկայումս միակ ավիաընկերությունն են, որն առաջարկում է ուղիղ չվերթեր Քուվեյթի և Երևանի միջև։

«Հայաստանը հրաշալի վայր է, հայտնի իր գեղեցիկ տեսարժան վայրերով, խորը պատմական արմատներով և հյուրընկալ մթնոլորտով։ Քուվեյթից ճանապարհորդողների համար վիզայի ազատ մուտքի շնորհիվ այս նոր երթուղին առաջարկում է աշխարհի այս յուրահատուկ կետն ուսումնասիրելու անխափան և մատչելի միջոց»,- ասել է նա: 

Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում