Մամուլի սրահ

Սպառողների շահերը ևս կլինեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

4 րոպեի ընթերցում

Սպառողների շահերը ևս կլինեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուտով նոր գործառույթներ է ունենալու։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և հարակից օրենքներում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնելու է սպառողների իրավունքների պաշտպանությունը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ իրենց նոր լիազորություններով զբաղվելու են ոչ թե անհատական վեճերով, այլ սպառողներին առնչվող համակարգային խնդիրներով՝ կապված հանրային շահերի հետ։ Մասնավորապես, իրենց ուշադրության կենտրոնում են լինելու ապրանքի գնի ներկայացման պահանջները, ապրանքի որակի և այլ չափանիշների անհապատասխանությունը, ինչպես նաև գովազդը և այլն։ 

«Օրինակ՝ սպառողների շահերը ոտնահարող գործելակերպ է դիտվելու ապրանքների ներկայացման կանոնների խախտումը։ Օրենքով նախատեսվում են ապրանքի գնի ներկայացման հավելյալ պահանջներ։ Շատերը հաճախ այսպիսի իրավիճակում եղել են, որ ներկայացվել է ապրանքի գին, սակայն դրամարկղի մոտ դա վերաբերվել է ոչ թե ապրանքի կիլոգրամին, այլ 100 գրամին։ Արդյունքում սպառողն անհարմար վիճակում է հայտնվել։ Հետևաբար առևտրային ցանցերը պարտավոր կլինեն ներկայացնել ապրանքի միավոր գինը կգ-ով չափվելու դեպքում։ Եթե ամեն դեպքում ցանկանում են 100 գրամով ներկայացնել, ապա պետք է բոլոր ապրանքներն այդ ձևաչափով ներկայացնել»,-ասաց Տիգրան Մարկոսյանը։

Հաջորդ օրինակը վերաբերում է ապրանքի վաճառքի գնին։ Հաճախ առևտրային ցանցերում լինում է, որ ապրանքը, կոնֆետները կամ պատրաստված սնունդը վաճառվում է տարայով ու դա ներկայացվում է որպես մեկ ամբողջություն։ Նոր պահանջների համատեքստում առևտրային ցանցը պարտավոր է ներկայացնել, օրինակ, կոնֆետի կշիռը՝ առանց տարայի։ 

Թեպետ հանձնաժողովը սպառողների կոնկրետ հարցերով է զբաղվելու, այնուամենայնիվ, սպառողները կարող են Մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմել ցանկացած հարցով։ Այն հարցերը, որոնք չեն լինի հանձնաժողովի իրավասության ներքո, կուղղորդվեն համապատասխան գերատեսչություն։ Դրանից զատ, competition.am կայքում գործելու է «Սպառողի օգնական» հարթակը, որի միջոցով քաղաքացիները խնդիր ունենալու դեպքում կարող են նամակներ գրել տվյալ բիզնեսին՝ վստահ լինելով, որ ընթացիքն հետևելու է  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ 

«Եթե հարցը մեր իրավասության մեջ է, ապա խնդիրը չլուծվելու դեպքում մենք կզբաղվենք, իսկ եթե մեր իրավասության տիրույթում չէ, ապա դա կուղղորդենք համապատասխան գերատեսչություններ։ Բիզնեսը հստակ տեսնում է, որ այդ գործընթացի հետևում կանգնած Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կմիջամտի, եթե խնդիրը չլուծվի»,-ասաց Տիգրան Մարկոսյանն՝ ընդգծելով, որ նոր փոփոխություններն ու գործիքակազմը կնպաստեն սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ունենալուն։ 

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կտմնեն 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Այդ ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կվերանվանվի և կդառնա Մրցակցային և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում