Շենյան քաղաքը հավակնում է դառնալ միջազգային կենտրոնական քաղաք Հյուսիսարևելյան Չինաստանում
6 րոպեի ընթերցում

Չինաստանի Լյաոնին նահանգի կենտրոն Շենյանը համարվում է Հյուսիսարևելյան Ասիայի միջազգային կենտրոնական քաղաք, որը հայտնի է ազգային պատմամշակութային ժառանգությամբ և հանդիսանում է միջազգային համապարփակ տրանսպորտային հանգույց։
«Արմենպրես»-ի թղթակիցը ՇՀԿ Չինաստանի Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի կողմից կազմակերպված շրջայցի շրջանակներում ծանոթացել է Շենյանի տեսարժան վայրերին ու արտադրական նվաճումներին:

Դեղին ծովի ափին գտնվող այս քաղաքը հանդիսանում է ազգային առաջադեմ արտադրական բազա և Հյուսիսարևելյան Չինաստանում ժամանակակից սպասարկման, գիտական և տեխնոլոգիական նորարարությունների տարածաշրջանային կենտրոն։
Այն զբաղեցնում է 13000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այստեղ առկա է 4 ազգային մակարդակի զարգացման գոտի։ Մշտական բնակչությունը կազմում է 9243 միլիոն, որը ներկայացված է 56 էթնիկ խմբերով, այդ թվում՝ հան, մանջուր, մոնղոլ, կորեացի և այլն։

Շենյանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող քաղաք է՝ 7200 տարվա մշակութային և 2300 տարվա քաղաքաշինական պատմությամբ։ Հայտնի է որպես չինական դինաստիաներից մեկի օրրան և կայսրերի երկու սերունդների գահակալության մայրաքաղաք։
Այստեղ կա ավելի քան 1500 տեսարժան վայր, ինչպիսիք են Շենյանի կայսերական պալատը, Ֆուլին և Չժաոլին կայսրերի (Ցին դինաստիա) դամբարանները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հատկապես մշակութային մեծ արժեք են ներկայացնում Չժան Սյուելյանի տուն-թանգարանը, Չինաստանի Կոմունիստական Կուսակցության նախկին Մանջուրական նահանգային կոմիտեի հուշահամալիրը, որը պահպանում է հեղափոխական անցյալի հիշողությունը, և Չինական արդյունաբերական թանգարանը, որը խորհրդանշում է Շենյանի արդյունաբերական հպարտությունը: Այս ամենը միասին կազմում են քաղաքի յուրօրինակ մշակութային կերպարը։

Բացի այդ,Շենյանը քաղաք է, որն ունի հզոր արդյունաբերական բազա՝ հայտնի որպես «Հանրապետության սարքավորումների նախարարություն»։ Այստեղ է գտնվում աշխարհում BMW-ի ամենամեծ արտադրական գործարանը։
Ավիացիոն արդյունաբերությունը մշտապես երկրի առաջատար եռյակում է։ Շենյանն ինտեգրալ սխեմաների արտադրության սարքավորումներով «եռակի մրցակցություն» է կազմում Պեկինի և Շանհայի հետ։ Քաղաքի 10 նոր բարձր տեխնոլոգիական կլաստերներ գերազանցել են մեկ տրիլիոն յուանի մասշտաբը,իսկ հաստոցների, ավիացիայի, ռոբոտաշինության և ինտելեկտուալ արտադրության կլաստերները մտել են «ազգային առաջադեմ արտադրական կլաստերների» ցանկ։
Այս բնակավայրը հռչակ է վայելում նաև իր հարուստ գիտական և կրթական ռեսուրսներով։ Տեղում գործում է 45 համալսարան, այդ թվում՝ Հյուսիսարևելյան և Լյաոնինի համալսարանները, ինչը նպաստում է քաղաքում բարձր որակավորում ունեցող մասնագետների կենտրոնացմանը, որոնց թվում են նաև 28 ակադեմիկոսներ։
Քաղաքում գրանցված է ավելի քան 27 հազար բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն։ Շենյանը չորս տարի անընդմեջ ընդգրկվել է բարձր տեխնոլոգիական կլաստերների համաշխարհային նորարարական ինդեքսի լավագույն հարյուրակում՝ Հյուսիսարևելյան Չինաստանի ազգային նորարարական քաղաքների վարկանիշում գրավելով առաջին տեղը։

Շենյանը նաև ակտիվ միջազգային կապեր ունի՝ տիրապետելով ազգային այնպիսի բաց հարթակների, ինչպիսիք են ազատ առևտրի, համապարփակ էլեկտրոնային առևտրի գոտիները և Չինաստան-Եվրոպա արագընթաց երկաթուղային հավաքակայանը:
Օդանավակայանի տնտեսական գոտին լայն թափ է հավաքում, իսկ Գերմանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ արդյունաբերական համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում:
Շենյանում է գործում նաև 7 գլխավոր հյուպատոսություն: Քաղաքը տնտեսական և առևտրային հարաբերություններ է հաստատել 221 երկրների ու տարածաշրջանների հետ, իսկ քույր քաղաքների և բարեկամ քաղաքների թիվը հասել է 104-ի՝ արժանանալով քույր քաղաքների զարգացման գործում մրցանակի:
Երեք տարի անընդմեջ լավ բիզնես միջավայր ունեցող մոդելային քաղաքի համարում վաստակած Շենյանն արդեն դարձել է գրավիչ ներդրումային քաղաք Չինաստանում. աշխարհի 500 խոշորագույն ընկերություններից ավելի քան 100 ընկերություն ներկայացված է այստեղ:
Դեղին ծովի ափին գտնվելը ոչ միայն բազմապատկում է քաղաքի տնտեսական, տրանսպորտային կապերի ընդլայնման հնարավորությունները, այլ նաև ծովափնյա գեղատեսիլ զբոսավայրերը, լողափերը, պատմաճարտարապետական հին ու նոր կառույցները զբոսաշրջային ժամանակակից ու գրավիչ առանձնահատկություն են ընձեռել:
Միջազգային լրագրողական խմբի շրջայցի ընթացքում քաղաքի իշխանությունները նաև հնարավորություն էին ընձեռել ծովով նավարկել Շենյանի շուրջ՝ ականատես լինելով գիշերային քաղաքի ողջ հմայքին:
Զարգացման նոր փուլում Շենյանը նպատակ ունի դառնալ միջազգային կենտրոնական քաղաք: Քաղաքը նաև ակտիվորեն ձգտում է դառնալ առաջատար ուժ «Լյաոնինի զարգացման վեց հիմնական ուղղությունները» նոր դարաշրջանում իրականացնելու գործում՝ հարթելով բարձրորակ զարգացման և կայուն վերակենդանացման նոր ուղի և բացելով քաղաքի չինական ոճի արդիականացման նոր էջ։
