ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահը կարևորել է օրենքի գերակայությունը և Սահմանադրության կենսունակությունը

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահը կարևորել է օրենքի գերակայությունը և Սահմանադրության կենսունակությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը hուլիսի 5-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ իր խոսքում նախագահն ընդգծել է Սահմանադրության դերը Հայաստանի պետականության կայացման, իրավական համակարգի զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման գործում։

«Սահմանադրությունը կարող է ուժեղ լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակ է երկրի քաղաքական մշակույթի, հասարակական կենսագործունեության, պատմական հիշողության, ավանդույթների ու ժողովրդական մտածողության հետ։ Օրենքների և նորմերի ամենախորքային արժեքը սկսում է կենսունակ դառնալ միայն այն ժամանակ, երբ դրանք կրում են հասարակության իրական պատկերացումները արժանապատիվ և ազատ կյանքի մասին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իրական ուժը ամրագրված է նրա անփոփոխ հոդվածներում, որոնք հստակ արտահայտում են մեր հանրային համախոհությունը այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ՝ անկախ, ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն:

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է։ Ժողովրդավարությունը և իրավունքը ոչ թե հակադրվող, այլ միմյանցից ծնվող ու միմյանց լրացնող ելակետեր են։ Իրավունքը դառնում է կենսունակ ու առաջնային արժեք այն երկրներում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները ամուր են, իսկ ժողովրդավարական պետությունը՝ կառուցված իրավունքի գերակայության հիմքի վրա։ Առողջ պետական կառույցն անկարելի է պատկերացնել առանց այդ փոխլրացվող հիմքերի։ Իսկ հենց այդպիսի պետություն կառուցելու նպատակով է գրված և գոյություն ունի Սահմանադրությունը։

Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այդ կարողությունն է, որ թույլ է տալիս պահպանել Սահմանադրության շարունակականությունը՝ առանց կորցնելու դրա հիմնարար արժեքները»,-ասել է ՀՀ նախագահը։

Վերջում Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն և գիտակցված քաղաքացիություն՝ որպես Սահմանադրության կենսունակության գլխավոր երաշխիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում