Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել են մեկօրյա հացադուլի մասին
2 րոպեի ընթերցում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հուլիսի 5-ին մեկօրյա հացադուլ կհայտարարեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանական թիմը՝ ներկայացնելով կալանավայրից նրա տարածած հայտարարությունը։ «ՀՀ Սահմանադրության օրվա առիթով՝ մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ», – ասված է հայտարարության մեջ։
Միքայել Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա զանգվածային լրատվամիջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տարածել է կոչեր, որոնք, ըստ մեղադրանքի, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նույնպես կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի միաժամանակ երեք հոդվածներով՝ ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հատկանիշներով։ Երկու հոգևորականներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները՝ դրանք որակելով որպես քաղաքական հետապնդում։