Ավստրալացի տղամարդը մահացել է չղջիկի կծելու հետևանքով փոխանցված հազվադեպ հիվանդությունից
1 րոպեի ընթերցում

Ավստրալացի տղամարդը մահացել է խիստ հազվադեպ հանդիպող ինֆեկցիոն հիվանդությունից, որը նրան է փոխանցվել չղջիկի կծելու հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն։
«Ավստրալական չղջիկի լիսավիրուս» տեսակի վիրուս ունեցող չղջիկը տղամարդուն կծել էր մի քանի ամիս առաջ։
Նոր Հարավային Ուելսի իշխանությունները դեպի մասին նշել են, որ Ավստրալական չղջիկի լիսավիրուսը չափազանց հազվադեպ հանդիպող երևույթ է և չունի որևէ արդյունավետ բուժում։
Չղջիկի թքի միջոցով փոխանցվող վիրուսի առաջին ախտանշանները կարող են ի հայտ գալ օրեր կամ անգամ տարիներ հետո։ Սկզբնական նշաններից՝ գլխացավից, տենդից հետո հիվանդի վիճակը կտրուկ վատանում է՝ հանգեցնելով կաթվածահարության, զառանցելու, ցնցումների ու ի վերջո՝ մահվան։
1996 թվականին «Ավստրալական չղջիկի լիսավիրուս»-ի հայտնաբերումից հետո հայտնի է մարդու կողմից վարակման 3 դեպք՝ 3-ն էլ մահվան ելքով։
Նոր Հարավային Ուելսի առողջապահական իշխանությունները կոչ են արել խուսափել չղջիկներին դիպչելուց՝ նշելով, որ ցանկացած չղջիկ կարող է վարակակիր լինել։