Յանլուցին. գողտրիկ պատմական վայր Չինաստանում
3 րոպեի ընթերցում

Պեկին-Հանչժոու մեծ ջրանցքի ափին գտնվող Յանլուցին հնագույն քաղաքը Չինաստանի յուրահատուկ մշակութային ավանդույթները,հին սովորույթներն ու ճարտարապետությունը բացահայտող գողտրիկ վայրերից է Տյանցզինում:
«Արմենպրես»-ի թղթակիցը չինական CGTN մեդիակորպորացիայի կողմից կազմակերպված ճամփորդության շրջանակներում այցելել է Տյանցզին՝ ծանոթանալով պատմամշակութային վայրերին:
Պատմական դարավոր ուղի անցած այս բնակավայրը հայտնի է իր ժողովրդական ուշագրավ ավանդույթներով և հարուստ մշակույթով:
Հին քաղաքում է գտնվում Ցին դինաստիայի ուշ շրջանի բնակելի համալիրը՝ «Շի ընտանիքի առանձնատունը», որը չինական հին ճարտարապետական գլուխգործոցների տպավորիչ նմուշներից է:
Համալիրի ներսում ժամանակը կարծես կանգ է առել՝ այցելուներին ցուցադրելով հինավուրց բնակիչների բնակարանային կահավորանքը, կյանքն ու կենցաղը, սովորությունները, հարսանեկան ծեսերը, մշակույթը, արհեստները:
Միաժամանակ, այստեղ տաղավարներում ներկայացված են ձեռագործ խորհրդանշական ձեռքի աշխատանքներ, որոնք նախկինում ևս հարգի են եղել տարածքում:
Մասնավորապես, այցելուններն այստեղ կարող են անմիջապես մասնակիցը դառնալ Յանլուցինում ամանորյա ժողովրդական փայտե տպագրության գործընթացին: Փայտի վրա փորագրված ձևանմուշով խորհրդանշական կերպարների տպագրությունը հանդիսանում է Գարնանային տոնի խորհրդանիշը և ավանդական արվեստի գոհարներից մեկը:Բացի այդ՝ յուրաքանչյուրը հնարավորություն ունի սեփական ձեռքերով գունազարդել և գնել չինական լայն կիրառում ունեցող հովհարներ:
Տարածքում հնարավորություն է ընձեռվում նաև դիտել մարտարվեստի ցուցադրություններ, ինչպես նաև այցելել արհեստանոց, որտեղ կարելի է ծանոթանալ Հաո ընտանիքի նկարազարդ թղթե կտրվածքի արվեստին, որը համարվում է Տյանցզինի եզակի մշակութային երևույթը:
Այսօր Յանլուցին հին քաղաքը, հետևելով «Ամանորի նկարների վերակենդանացման» հայեցակարգին, բեմական տարածքների վերանորոգման, լուսավորության դիզայնի և գեղարվեստական նորարարության միջոցով երկչափ ամանորյա նկարները վերածում է եռաչափ դինամիկ տեսարանների՝ իրականացնելով արագ անցում «մշակութային ժառանգությունից» դեպի «կյանքի գեղագիտություն»։