Չինաստանի Տյանցզին քաղաքը՝ գետերի ու ծովի, պատմականի և արդիականության խաչմերուկ
4 րոպեի ընթերցում

Չինաստանի Տյանցզին քաղաքն ինքնօրինակ բնակավայրերից է, որը համատեղում է հարուստ մշակութային ժառանգությունն ու ավանդույթները երկրում արագորեն զարգացող առաջադեմ տեխնոլոգիաների, նորարարության ու արդիականության հետ:
«Արմենպրես»-ի թղթակիցը չինական CGTN մեդիակորպորացիայի կողմից կազմակերպված ճամփորդության շրջանակներում այցելել է Տյանցզին՝ բացահայտելով հյուրընկալ ու տեսարժան վայրերը, ծանոթացել առաջադեմ տեխնոլոգիական նվաճումներին:
Նավահանգստային քաղաք հանդիսացող Տյանցզինը մշտապես եղել է գետերի ու ծովային ուղիների կարևոր տրանսպորտային հանգույց, հարուստ պատմական և մշակութային ժառանգություն ունեցող քաղաք՝ խոշոր գետերի ու ծովի «հանդիպման» խաչմերուկում:
Քաղաքում առաջին հանգրվանը, որ տպավորում է տոնական վառ տրամադրությամբ, Հին մշակույթի փողոցն է, որտեղ միաձուլվում են Ցզին, Յուան, Մին և Ցին դինաստիաների պատմական հետքերը։ Այն գտնվում է Հայհե գետի արևմտյան ափին և Տյանցզինի օրրանն ու պատմական մշակույթի խորհրդանիշներից է:
Այստեղ քաղաքի հյուրերը, զբոսաշրջիկները կարող են անմիջական ծանոթանալ նյութական մշակութային ժառանգություն հանդիսացող վայրերին, նաև՝ վինտաժային ապրանքանիշերի խանութներին, խորասուզվել ժողովրդական մշակույթի, հյուսիսային թատերական արվեստի և մշակութային ու զբոսաշրջային տարածքների գունեղ մթնոլորտում, ինչը թույլ է տալիս լիարժեքորեն զգալ հին ու նոր Տյանցզինի մշակութային ավանդույթների շարունակականությունը և դրանց միաձուլումը:
Հին մշակույթի փողոցն արտացոլում է քաղաքի հնագույն այս հատվածի ձևավորման գործընթացը և հանդիսանում է նրա տնտեսական, մշակութային և առևտրային կենտրոնացման ամենահին վայրերից մեկը։ Այն ներկայում հայտնի է դարձել որպես Տյանցզինի այցեքարտ։ Բավականին կոլորիտային այս փողոցում կան բազմաթիվ մշակութային վայրեր և պատմական շենքեր:
Վերջին տարիներին պարբերաբար անցկացվում են ժողովրդական ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնք համադրում են նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, բազմակողմանիորեն բացահայտում տարածքի ավանդական արժեքներն ու եզակի մշակույթը:
Այստեղ տեղակայված են Տյանցզինին բնորոշ բազմաթիվ ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտներ և հնուց հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Նիչժեն Չժանի գունագեղ քանդակների արհեստանոցը, Դարեն Թանգի առողջապահական կենտրոնը և այլն: Այս վայրում ավանդական մշակույթն անընդհատ զարգանում է՝ թույլ տալով այցելուներին անմիջական զգալ ոչ նյութական մշակույթի ժառանգության բազմաշերտ հմայքը:
Փողոցում է գտնվում նաև Գուանդունի գիլդիայի դահլիճը, որտեղ կարելի է պատկերացում կազմել չինական ավանդական Հյուսիսային թատերական արվեստի մասին: Այն կառուցվել է 1907 թվականին և հանդիսանում է Տյանցզինի դրամատիկական թանգարանի տունը: Ակտիվորեն օգտագործում է երկակի ձևաչափը՝ լինելով միաժամանակ և՛ թանգարան, և՛ բեմ, որտեղ պատմական առանձնահատկություններով ներկայացումները հանդիսատեսին խորասուզում են չինական թատերական արվեստի ակունքներ:
Ներկայում Տյանցզինը հռչակ է վայելում նաև առաջադեմ տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտում ունեցած ձեռքբերումներով:
Քաղաքն ակտիվորեն առաջ է ընթանում բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և ամբողջությամբ ավտոմատացված արտադրությունների ստեղծման ոլորտներում՝ միաժամանակ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանությունը: