Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը Կայա Կալասի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

3 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը Կայա Կալասի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։

Ես կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը հաջողված է, որն ընդգրկում է մեր կյանքի բոլոր բնագավառները քաղաքական, տնտեսական, հասարակական, պառլամենտական, տեղական մակարդակներում։ Բարձ ենք գնահատում նաև Եվրոպական միության այն աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանին արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում»։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կայա Կալասը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար. «Մենք կարևորում են Հայաստան ԵՄ-սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,- մասնավորապես ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնարար դիրքորոշումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամորեն հետևում է տարածաշրջանում խաղաղության հաստատման և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման ուղուն։

Նշվում է, որ կարևորվել են վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման ոլորտներում, և դրանց ուղղությամբ ստացվող միջազգային աջակցությունը։

Հանդիպման մասնակիցները շեշտադրել են պետական և քաղաքական ինստիտուտների կայացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող հետևողական ջանքերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող ու «կանաչ» էներգիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ՝ ընդգծելով այդ ուղղությամբ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խթանման և նոր նախաձեռնությունների ձևավորման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում