Մարուքյանը ձախողված իմպիչմենտի փոխարեն առաջարկում է նոր գործընթաց սկսել՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ
3 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ նախաձեռնած իմպիչմենտի ձախողված նախաձեռնության փոխարել նոր գործընթաց սկսել՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կոչ է արել միանալ իր նախաձեռնությանը։
Մարուքյանը տեղեկացրել է, որ քննարկում է ունեցել Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ, որոնք նախկինում վարչապետին անվստահության գործընթաց էին սկսել՝ առաջարկելով հենց իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
Նա նշել է, որ քննարկման արդյունքներով ինքը պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունն առաջադրելուց, իսկ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
«Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,- գրել է Էդմոն Մարուքյանը։
Ավելի վաղ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին սկսել՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Այդ նախաձեռնությունը, սակայն, ձախողվել էր, քանի որ խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը, չէին միացել նախաձեռնությանը։ Դրանից հետո վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու մասին հայտարարել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել էին, որ չեն միանալու «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ պատրաստ են միանալ դրան, երբ հնարավոր կլինի ապահովել գործընթացը սկսելու համար պակասող երկու ձայները, քանի որ խորհրդարանական երկու խմբակցությունների պատգամավորների ձայները միասին 34 են կազմում, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը խորհրդարանում մեկնարկելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։