Ռուսաստան

Հյուսիսային Կորեան կարող է հուլիսին կամ օգոստոսին լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան․ Սեուլ

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան կարող է հուլիսին կամ օգոստոսին լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան․ Սեուլ

Հյուսիսային Կորեան հուլիսին կամ օգոստոսին, հնարավոր է, լրացուցիչ զորքեր տեղակայի Ռուսաստանում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով, վկայում են Հարավային Կորեայի հետախուզական տվյալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Ըստ հրապարակման՝ Հարավային Կորեայի խորհրդարանում տեղի են ունեցել փակ լսումներ Ազգային հետախուզական ծառայության հետ: 

Կորեայի Հանրապետության խորհրդարանի անդամ Լի Սոն-կվենը լսումներից հետո հայտնել է, որ Ազգային հետախուզական ծառայության կարծիքով՝ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստվում է լայնածավալ հարձակում իրականացնել Ուկրաինայի դեմ։

«Լրացուցիչ զորքերի տեղակայման ժամկետը կարող է լինել հուլիսին կամ օգոստոսին»,- նշել է Լին՝ հավելելով, որ գործակալությունը որպես իր գնահատականի հիմք նշել է Հյուսիսային Կորեայի կողմից զորքերի նոր հավաքագրումը և Ռուսաստանի նախագահի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի՝ վերջերս Փհենյան կատարած այցը։ 

Պատգամավորն, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցը Հյուսիսային Կորեա:

Լիի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան հրետանային զինամթերք և հրթիռներ ուղարկելու դիմաց Փհենյանը, հավանաբար, տեխնիկական խորհրդատվություն կստանա արբանյակների արձակումների և հրթիռային կառավարման համակարգերի վերաբերյալ։

Վերջերս Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը հաստատել են հյուսիսկորեական զորքերի տեղակայումը և Կուրսկի մարզն ուկրաինական ուժերից ազատագրելու գործում նրանց դերակատարությունը։

Երկու երկրները հայտարարել են, որ համագործակցությունը հիմնված է իրենց առաջնորդների կողմից 2024 թ. հունիսին ստորագրված պայմանագրի վրա, որը ներառում է փոխադարձ պաշտպանության մասին պայմանավորվածություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում