Մերձավոր Արևելք

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ալ-Ղայթին

3 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ալ-Ղայթին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դոկտոր Ալ-Ղայթի ղեկավարած կառույցի և անձամբ նրա գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի խոսքով՝ կիսելով համընդհանուր այս արժեքները, մեր երկրները մեծ ներուժ ունեն խորացնելու համագործակցությունն այդ ուղղությամբ՝ նպաստելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղության հաստատմանը։

Խալիդ Ալ-Ղայթը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ սիրով է այցելում Հայաստան և բարձր է գնահատում երկկողմ ձևավորված հարաբերությունները։

Ըստ աղբյուրի՝ դոկտոր Ալ-Ղայթը հանդիպման մեկնարկին նախագահին է ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները տարբեր միջազգային կառույցների և կրթական կենտրոնների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ Երկուստեք կարևորվել են կրթության, երիտասարդության, սպորտի և համալսարանական ծրագրերի համատեղ նախաձեռնությունները՝ որպես ժողովուրդների միջև կապեր խորացնելու և փոխըմբռնում ամրապնդելու արդյունավետ հարթակ։ Նախագահ Խաչատուրյանը և դոկտոր Ալ-Ղայթն ընդգծել են հանդուրժողականության, մարդասիրության և փոխադարձ հարգանքի արժեքների տարածման անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հիմք։

Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությանը՝ ընդգծելով այն ընդլայնելու փոխադարձ հետաքրքրությունը։

Երկուստեք ողջունվել է Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի անցկացումը՝ այն դիտարկելով որպես համամարդկային արժեքների առաջմղման կարևոր հարթակ։ Այս համատեքստում կարևորվել է նմանօրինակ միջոցառումների պարբերական կազմակերպումը՝ նպատակ ունենալով խթանել երկխոսությունը, փոխվստահությունը և միջազգային համերաշխությունը։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության, բարիդրացիության և համագործակցության ճանապարհով առաջ շարժվելու հստակ դիրքորոշում՝ պատրաստ լինելով շարունակաբար ներդրում ունենալ խաղաղ, կայուն և համերաշխ աշխարհի կերտման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում