Վրաստան

Հայաստանը Վրաստանին առաջարկել է կոնյակ արտահանող բեռնատարների խնդիրը լուծելու մեխանիզմ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Վրաստանին առաջարկել է կոնյակ արտահանող բեռնատարների խնդիրը լուծելու մեխանիզմ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ շշալցված հայկական կոնյակի արտահանման խնդրին, մասնավորապես՝ Վրաստանի տարածքով բեռնատարների անցման խոչընդոտներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանը նշեց, որ վերջին շրջանում վրացական կողմը որոշ բեռնատարների կանգնեցրել է՝ փորձաքննություն իրականացնելու պատճառաբանությամբ՝ կասկածելով, որ ապրանքի մի մասը կարող է կոնյակ չլինել։

«Այդպիսի իրավունք ունի միայն այն երկիրը, որը ստանում է այդ ապրանքը, այս դեպքում՝ Ռուսաստանը։ Տրանզիտ երկրները նման իրավասություն չունեն, և մենք այդ մասին տեղյակ ենք պահել մեր գործընկերներին»,- նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ նախկինում հնարավոր է եղել տեղափոխել 61 բեռնատար, իսկ վերջին տվյալներով՝ արդեն 33 բեռնատար դուրս է եկել մաքսային տարածքից և շարժվում է դեպի Վերին Լարս։

Ըստ նախարարի՝ վրացական կողմը խոստացել է, որ ընդհանուր առմամբ 50 բեռնատարի համար արտահանումը կթույլատրի։

«Եթե որևէ մեքենայի հետ կապված կա կասկած, ապա առաջարկում ենք, որ համատեղ վերցնենք նմուշը և ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, որտեղ կանցկացվի անկախ փորձաքննություն։ Եթե նույնիսկ նման կասկած կա, մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ»,- հայտարարեց Պապոյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ լաբորատոր փորձաքննությունների իրականացման ներուժը զարգացնելու ուղղությամբ։ 

«Գնվել են անհրաժեշտ սարքավորումներ, իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները արդեն անցնում են վերապատրաստում, որից հետո կառույցը կկարողանա ինքնուրույն իրականացնել համապատասխան փորձաքննություններ»,-եզրափակեց Պապոյանը։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում