Թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը պարզ կլինի հուլիսից մեկնարկող քննարկումների արդյունքում. Վահե Հովհաննիսյան
1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարությունը հուլիսից սկսած պետական բոլոր գերատեսչությունների հետ քննարկելու է նրանց բյուջեները, ծախսերի կառուցվածքը և առանձին քաղաքականությունը, որից հետո միայն կորոշի նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացման հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ցանկանում ենք զսպել ընթացիկ ծախսերը: Հուլիս ամսից սկսած բոլոր գերատեսչությունների հետ քննարկելու ենք իրենց բյուջեները, ծախսերի կառուցվածքը, առանձին քաղաքականությունները և այդ քննարկումներից հետո նոր պարզ կլինի՝ ունե՞նք նվազագույն աշխատավարձը բարձրացնելու տեղ, թոշակների բարձրացումը որքան և ինչ միջոցներով է տեղի ունենալու: Եթե լսել եք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ թոշակի առաջիկա բարձրացումները տեղի են ունենալու անկանխիկի վերադարձի տոկոսների փոփոխության միջոցով: Քննարկում կլինի, թե այդ տոկոսների փոփոխությունն ինչ չափով և ինչ ծախսերի հաշվին տեղի կունենա»,- նշեց նախարարը: