Նարեկ Մկրտչյանը և Ահմադ Մեյդարին քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
2 րոպեի ընթերցում

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ դիտարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Զրույցի օրակարգում եղել են հարցեր հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ համագործակցության և այլնի վերաբերյալ։
Նշում է, որ նախարար Մկրտչյանը խոսել է ոլորտային առաջնահերթությունների և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին․ մանրամասներ են ներկայացվել նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման ուղղությամբ։