Ո՞ւր են պակասող ձայները. Քրիստինե Վարդանյանը «Պատիվ ունեմ»-ին հարցադրում է անում իմպիչմենտի նախաձեռնության մասին
4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պարզաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին միանալու վերաբերյալ իրենց հայտարարությունը և դժգոհել, որ սոցցանցային իր էջը ուղղորդված գրոհի է ենթարկվում:
Ի սկզբանե գործընթացին միանալու հավանականության վերաբերյալ Քրիստինե Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել էր հետևյալ հայտարարությունը. ««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»:
Այս գրառման տակ բազմաթիվ օգտատերեր հետաքրքրվել էին՝ արդյոք «Հայաստան» խմբակցությունը ի վերջո անվերապահ ստորագրո՞ւմ է նախաձեռնության տակ, թե նախապայման է առաջադրում ունենալ անհրաժեշտ 8 ստորագրությունը, ապա պակասող 28 ստորագրության համար դիմել «Հայաստան»-ին:
Այդ հարցադրումներին ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշել է, որ իրենց խմբակցությունը հայտնել է իր ունեցած բոլոր 28 ձայները տրամադրելու պատրաստակամության մասին, որպեսզի սկսվի իմպիչմենտի գործընթաց։
«Դրա համար անհրաժեշտ է, սակայն, ևս 8 ձայն (նվազագույնը), եթե «Պատիվ ունեմ»-ը տրամադրում է իր 6 ձայները, մնում է երկու ձայն։ Այնպես որ երևի ես պետք է հարցնեմ՝ ո՞ւր են պակասող ձայները։ Կարիք չկա ինչ-որ մեկի ուղղորդմամբ իմ էջը գրոհելու։ Ավելի լավ է գործընթացը նախաձեռնողները կենտրոնանան պակասող ձայները հայթայթելու վրա, ոչ թե նրանց դեմ, ովքեր արդեն համաձայնել են տրամադրել իրենց ձայները։ Եթե գործընթացը նախաձեռնած ՊՈՒ գործընկերները կունենան լրացուցիչ հարցեր, վստահ եմ՝ կարող են դրանք ուղիղ տալ, այս արշավի իմաստը չկա»,- իր գրառման մեկնաբանություններում գրել է Վարդանյանը։
Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։
Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։ Ազգային ժողովի երկու խմբակցությունները միասին ունեն 34 պատգամավոր։
Ազգային ժողովի ևս 4 պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը (հեռացվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և կուսակցության խորհրդարանական խմբակցությունից), Գեղամ Նազարյանը (դուրս է եկել «Հայաստան» խմբակցությունից) և Իշխան Զաքարյանը (դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից) ունեն անկախ պատգամավորի կարգավիճակ։
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են, որ չեն միանալու վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։
Ավելի վաղ հենց Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն էին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել՝ թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, սակայն այդ ժամանակ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները չմիացան այդ նախաձեռնությանը, ինչի հետևանքով գործընթացն այդպես էլ չմեկնարկեց։