Մամուլի սրահ

Վայելել ամառը, բայց պաշտպանվել արևից. մասնագետները հորդորում են խուսափել ուղիղ ճառագայթներից

4 րոպեի ընթերցում

Վայելել ամառը, բայց պաշտպանվել արևից. մասնագետները հորդորում են խուսափել ուղիղ ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթները  հատկապես ամռան արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։   

«Եթե ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսը բարձր է, ուրեմն անհրաժեշտ է պաշտպանվել։ Օրվա շոգ ժամերին, մասնավորապես, ժամը 11։00-17։00-ն անհրաժեշտ է արեգակից պաշտպանվել, չգտնվել ուղիղ ճառագայթների տակ։ Անհրաժեշտ է մնալ ստվերում, կրել լայնեզր գլխարկներ, բաց գույնի, բամբակյա հագուստ, անպայման օգտագործել արևապաշտպան քսուք, որի արևի պաշտպանության գործակիցը 30-ից պակաս չլինի»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը։  

Թե որ օրերին է ուլտրամանուշակագույն ինդեքսի ցուցանիշները բարձր կամ ցածր, քաղաքացիները կարող են ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում։ Այդ տվյալները հավաքագրում ու հրապարակում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը տեղեկացրեց, որ հանրապետության տարբեր մարզերի համար կատարվում են հաշվարկներ և, ըստ տարածաշրջանի, բնութագրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը։  

«Եթե ինդեքսը 4 է, ապա դա նշանակում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը ցածր է, բարենպաստ մակարդակը համարվում է մինչև 6-ը, իսկ ահա արդեն 6-7-ը անբարենպաստ է, 8-ը և ավելին համարվում է վտանգավոր։  Հունիս ամսին սովորաբար ուլտրամանուշակագույն ինդեքսները բարձր են լինում՝ ելնելով արեգակի բարձր դիրքից։ Ամեն դեպքում ասեմ, որ մեզ մոտ հունիսին դեռ ինդեքսների բարձրացում չենք նկատում։ Այս ընթացքում ամենաբարձր ինդեքսը՝ 6-ը, գրանցվել է հունիսի 1-ին»,-ասաց Անահիտ Ասատրյանը։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը իրազեկման աշխատանքների շրջանակում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել։  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը տեղեկացրեց, որ որոշ մանկական հագուստ արտադրող ընկերություններ համաձայնել են հագուստը վաճառել հատուկ ուղեկցվող գրառումներով։  

«Մենք պատրաստել ենք տեղեկատվական փոքրիկ թռուցիկներ, որոնք ներառում են ինֆորմացիա արևից պաշտպանվելու միջոցների մասին, տվյալներ ուլտրամանուշակագույն ինդեքսների վերաբերյալ, թե որ ցուցիչն ինչ է նշանակում։ Մեր նպատակն է ծնողների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, իրազեկել, որ տեղեկացված լինեն ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկեն թե՛ իրենց, թե՛ իրենց փոքրիկների համար»,-ասաց Լիանա Ղահրամանյանը։ 

Նախարարության նախաձեռնությամբ պատրաստվել են նաև «Հիշեցում ծնողներին» խորագրով պաստառներ, որոնք փակցված են լինելու մանկապարտեզներում, պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներում։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում