Վրաստան

Վրաստանի էկոնոմիկայի նախարարը խոստացել է առաջիկա 5 օրում լուծել հայկական կոնյակով բեռնված ևս 72 բեռնատարի մուտքի հարցը Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

Վրաստանի էկոնոմիկայի նախարարը խոստացել է առաջիկա 5 օրում լուծել հայկական կոնյակով բեռնված ևս 72 բեռնատարի մուտքի հարցը Ռուսաստան

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին իր հայ գործընկերոջը՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հեռախոսազրույցում խոստացել է առաջիկա 5 օրում լուծել վրացական կողմում գտնվող՝ հայկական կոնյակով բեռնված ևս 72 բեռնատարի՝ դեպի Ռուսաստան մուտքի հարցը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: 

«Այսօր որոշակի էական առաջընթաց ունեցանք: Եթե նախորդ 2 շաբաթվա ընթացքում ոչ մի մեքենա չէր ստանում դեպի Ռուսաստան գնալու թույլտվություն, մեր աշխատանքի արդյունքում, այսօր 52 մեքենա արդեն ստացել է այդ հնարավորությունը: Նախապես պայմանավորվել էինք 33–ի մասին: Քիչ առաջ Վրաստանի իմ գործընկերը՝ նախարարը, հեռախոսազանգով խոստացավ, որ 72 մեքենաների հարցը ևս, որ Վրաստանում են, առաջիկա 5 օրում կլուծվի: Ես ավելացրեցի ճանապարհին եղած մեքենաների մասին ևս»,–ասաց Պապոյանը:

Նա տեղեկացրեց՝ պլանավորված էր վրաց նախարարի այցը Հայաստան, սակայն որոշակի խնդիրների պատճառով կգա նրա տեղակալը: Կքննարկեն հարցը կարգավորելու մեխանիզմներ: 

Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննություն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ 

Ակցիայի ընթացքում դեսպանությունում ընդունեցին արտադրողներից մի քանիսին՝ խոստանալով, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ժամանակահատվածում հանդես կգա հայտարարությամբ։ Սակայն, մնալով անարձագանք՝ դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում