Աշխարհ

Հարավային Կորեայում նախագահական ընտրություններ են անցկացվում

3 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում նախագահական ընտրություններ են անցկացվում

Հարավային Կորեայի քաղաքացիները հունիսի 3-ին քվեարկում են նոր նախագահ ընտրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։

Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության սկսվելուց յոթ ժամ անց 44,39 միլիոն ընտրողներից 27,56 միլիոնը քվեարկել էր 14 295 ընտրատեղամասերում։

Ընտրողների հետաքրքրությունը մեծ է արտահերթ ընտրությունների նկատմամբ, քանի որ գրանցված ընտրողների 34,74 տոկոսն արդեն քվեարկել էր մայիսի 30-ին և 31-ին կայացած վաղաժամկետ քվեարկության ժամանակ, ինչը երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է 2014 թվականին տվյալ համակարգի ներդրումից ի վեր։

Նախագահական ընտրություններում ֆավորիտ համարվող Լիբերալ դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Լի Չե Մյոնը քարոզարշավը վարել է նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի գլխավորած «ապստամբության ուժերի» դեմ պայքարելու խոստումով։

Yonhap-ը նշում է, որ պահպանողական Ժողովրդական իշխանության կուսակցության թեկնածու Կիմ Մուն Սուն, հաշվի առնելով իր գլխավոր մրցակցի «ագրեսիվ ղեկավարման ոճը», խոստացել է «դիկտատուրայից» զերծ ապագա։

Քվեաթերթիկների հաշվարկը կսկսվի ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո՝ ժամը 20:00-ին: 

Կորեայի Հանրապետության նոր նախագահի երդմնակալությունը, հավանաբար, տեղի կունենա հունիսի 4-ին։

Ընդհանուր առմամբ, երկրի բարձրագույն քաղաքական պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու. երկուսը հրաժարվել են պայքարից ընտրարշավի ընթացքում: Առաջատարը դեմոկրատական ​​կուսակցության նախկին նախագահ Լի Չե Մյոնն է։ Վերջին հարցումների համաձայն՝ նա իր մրցակիցներից առաջ էր առնվազն 10 տոկոսային կետով։ 

Ներկայիս արտահերթ ընտրությունները անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ էր արել նախագահ Յուն Սոկ Յոլին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ապստամբության մեղադրանքով։ Յուն Սոկ Յոլը 2024 թ. դեկտեմբերի 3-ի երեկոյան ռազմական դրություն էր հայտարարել՝ ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։  Ռազմական դրության հայտարարումից հետո բախումներ էին տեղի ունեցել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում