Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ավստրալիայից պահանջում է պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ավստրալիայից պահանջում է պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը

ԱՄՆ-ն Ավստրալիայի իշխանություններին խնդրում է հնարավորինս շուտ պաշտպանության բյուջետային ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հունիսի 1-ին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Այս թեման քննարկվել է Սինգապուրում «Շանգրի Լայի երկխոսություն» անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և Ավստրալիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզի հանդիպման ժամանակ: 

Մառլզն ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր ամերիկացի գործընկերը կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը, սակայն չէր պարզաբանել, թե հատկապես որքան:

«Խոսելով պաշտպանական ծախսերի մասին՝ նախարար Հեգսեթն ասել է, որ Ավստրալիան պետք է հնարավորինս շուտ իր պաշտպանական ծախսերը մեծացնի՝ հասցնելով իր ՀՆԱ-ի 3,5%-ին», - ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, կողմերը քննարկել են ԱՄՆ-Ավստրալիա գործընկերության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև «Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում ներդրումների համապատասխանեցումը, Ավստրալիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մեծացնելու ուղղությամբ նախաձեռնությունների իրագործման արագացումը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության առաջխաղացումը և մատակարարումների շղթայի կայունության ամրապնդումը»: 

Հեգսեթի կողմից հայտարարված պաշտպանական ծախսերի ծավալը համապատասխանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նախաձեռնությանը, որն առաջարկել է դաշինքի երկրների ռազմական բյուջեները մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%, ինչպես նաև ՀՆԱ-ի լրացուցիչ 1,5%-ը ծախսել այն ենթակառուցվածքների վրա, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ժամանակ: Ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը կքննարկվի հունիսի վերջին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովում։

Ավստրալիայի պաշտպանական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի մոտավորապես 2%-ը: Կառավարությունը պլանավորում է մինչև 2033 թ. այս ցուցանիշը հասցնել 2,3%-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում