Եվրոպա

Մեծ Բրիտանիան իր սուզանավերի նավատորմը կհամալրի 12 նոր սուզանավով

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան իր սուզանավերի նավատորմը կհամալրի 12 նոր սուզանավով

2030-ականների վերջից սկսած՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի սուզանավերի նավատորմը կթարմացվի նոր SSN-AUKUS սուզանավերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը:

«Միացյալ Թագավորությունը կկառուցի մինչև 12 սուզանավ՝ որպես AUKUS ծրագրի մաս՝ ի պատասխան արագ աճող սպառնալիքների», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Բացի այդ, ըստ հաղորդագրության՝ նախատեսվում են 15 միլիարդ ֆունտ ստեռլինգի ներդրումներ Մեծ Բրիտանիայի «ինքնիշխան միջուկային մարտագլխիկների ծրագրում»՝ առաջիկա 10 տարիների ընթացքում ապահովելով 30 000 աշխատատեղ։

Հաղորդագրության համաձայն՝ մինչև 12 նոր SSN-AUKUS նավ կառուցելու միջոցով բրիտանական նավատորմի ընդլայնման մասին վարչապետ Քիր Սթարմերը կհայտարարի հունիսի 2-ին։

Իր հերթին, Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտնել է, որ երկիրը ներկայում «մտադիր է շահագործել յոթ Astute դասի հարվածային սուզանավ, որոնք 2030-ականների վերջից կփոխարինվեն մինչև 12 SSN-AUKUS սուզանավերի մեծացված նավատորմով»։

2021 թ. սեպտեմբերին Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան հայտարարեցին անվտանգության բնագավառում եռակողմ գործընկերության՝ AUKUS-ի ստեղծման մասին։ Այնուհետև AUKUS-ի մասնակիցները հրապարակեցին Ավստրալիային միջուկային սուզանավերի մատակարարումների նախագիծ՝ նախատեսված տասնամյակների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում