ՀՀ նախագահը և Ուրուգվայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը
4 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը և Ուրուգվայը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ «Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, և մենք շահագրգռված ենք Ուրուգվայի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման հարցում։ Վստահ եմ, որ Դուք նոր շունչ կհաղորդեք հայ-ուրուգվայական հարաբերություններին։ Դրանք միշտ եղել են բարեկամական և միտված են եղել մեր ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, պետք է նայենք ապագային և ձեռնարկենք ապագային միտված քայլեր։ Այդ ներուժը կա՝ խորացնելու մեր համագործակցությունը։ Ես ինքս համոզվել եմ այդ մասին իմ այցելությունների ընթացքում»,- նշել է նախագահը։
Դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասել է. «Ուրախ եմ գտնվել Հայաստանում և լիովին պատրաստ եմ իմ նոր պաշտոնում հնարավորության սահմաններում նպաստել երկու երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը»։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին՝ կողմերն ընդգծել են ոլորտային նախաձեռնությունների ընդլայնման և համատեղ ծրագրերի իրագործման նշանակությունը։
«Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Բարոլինը ընդգծել են բարձրաստիճան փոխայցելությունների կարևոր դերը երկկողմ գործընկերության ամրապնդման գործում՝ նշելով, որ նման շփումները խորացնում են փոխադարձ վստահությունն ու գործընկերային դաշտը։
Կարևոր տեղ է զբաղեցրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման թեման։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանում ուրուգվայական «Սեյբա» կենտրոնի ներկայացուցչություն հիմնելու հնարավորությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ, անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են բազմակողմ ձևաչափերում անխոչընդոտ և կառուցողական փոխգործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման շարունակական գործիք։
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2026 թվականին Երևանում կայանալիք COP-17 համաժողովին առնչվող հարցեր, որի շրջանակում կողմերը կարևորել են համատեղ դիրքորոշումների ձևավորումն ու փոխգործակցության խորացումը։