1918-ի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատել է աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրապետության նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, 

Սիրելի հայրենակիցներ, 

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ 

Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։ 

Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակականության կարևորագույն պայմանն է։ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի Երրորդ Հանրապետության ստեղծում՝ դարձնելով Մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։ 

Ներկայումս ինչպես և 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։ 

Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում՝ որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական։ Յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է: 

Թո՛ղ Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի: 

Շնորհավոր Հանրապետության տոնը»։

 

Հայերեն Español

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ