Ափեր ու ճակատագրեր կապող կառույցները. Չինաստանի Ուհան քաղաքի Կամուրջների թանգարանի պատմությունը

4 րոպեի ընթերցում

Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող Կամուրջների թանգարանը եզակիներից է, որը ներկայացնում է տարբեր ժամանակներում կամրջաշինության պատմությունը ոչ միայն Չինաստանում, այլև՝ աշխարհի տարբեր երկրներում: Ցուցադրությունն այցելուներին է ներկայացվում «Բնական խոչընդոտների հաղթահարում. կամուրջներ՝ պատմության և արդիականության մեջ, Չինաստանում և աշխարհում» թեմայով:  

«Արմենպրես»-ի թղթակիցը Հուբեյ նահանգի տեսարժան և զբոսաշրջային վայրերում արտասահմանյան լրագրողների շրջայցի ծրագրով այցելել է Ուհանի Կամուրջների թանգարան, որտեղ մուտքի հիմնասյուներից մեկին փորագրված «կամուրջ» բառը, ի թիվս տասնյակ այլ հնագույն լեզուների, գրված է նաև հայերենով:

«Անհաղթահարելի արգելքներ, անցյալն ու ներկան կապող գանձեր» կարգախոսի ներքո գրեթե 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս թանգարանը առաջարկում է կամրջաշինության յուրօրինակ ճանապարհորդություն։ 

Ցուցահանդեսը բաժանված է 8 գոտու, այդ թվում՝ «Հին չինական կամուրջներ», «Ժամանակակից չինական կառույցներ», «Կամուրջների համաշխարհային համայնապատկեր, «Կամուրջների կառուցման մշակութային ասպեկտներ և ինտերակտիվ գոտիներ»…

Ցուցանմուշների հարուստ հավաքածուով, պատմական լուսանկարների մանրամասն մոդելներով, SD կինոթատրոնով և համայնապատկերային VR տեխնոլոգիայով թանգարանը հստակորեն ցուցադրում է համաշխարհային կամրջային տեխնոլոգիաների էվոլյուցիան։ Հատուկ շեշտադրում է արվում չինացի ինժեներների տպավորիչ նվաճումների վրա, որոնց կառույցները դարձել են երկրի տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշներ։

Ընդ որում, ինչպես Հուբեյ նահանգում՝ ամբողջ ճամփորդության ընթացքում, այնպես էլ Ուհանում, հաճախ են հանդիպում հսկայական, տպավորիչ կոնստրուկցիաներով կամուրջներ, որոնք իրար են միացնում լեռներն ու մեծ ու փոքր գետերի ափերը: Այս համատեքստում Ուհանը կարելի է համարել կամուրջների քաղաք:

Թանգարանում յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի ոչ միայն տեսնելու, այլև բառացիորեն զգալու կամրջաշինության ողջ կախարդանքը՝ սկսած հին շինարարական գաղտնիքներից՝ մինչև ամենաժամանակակից նորարարությունները, ընկղմվելով հարուստ պատմության, մշակույթի և տեխնոլոգիաների աշխարհում, որոնք դարեր շարունակ կապել են ափերն ու ճակատագրերը։

Կամուրջների թանգարանը Չինաստանի առաջին համապարփակ թանգարանն է, որը նվիրված է կամուրջներին: Այն ստեղծվել է ժամանակակից թանգարանային ստանդարտներով: 

Թանգարանը հիմնադրվել է Չինաստանի կամրջաշինության կորպորացիայի ՝ «China Railway Major Bridge Engineering Group»-ի կողմից ՝ գիտատեխնիկական կենտրոնի առաջին հարկում։ 

Թանգարանի ֆոնդն ունի 1892 արժեքավոր ցուցանմուշ և արտեֆակտ։ 

Տարածական ձևավորման մեջ օգտագործվում են իրական կառույցներ ' պողպատե բացվածքներ, խողովակային հենարաններ և կամուրջների այլ մեծ չափի տարրեր, ինչը թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ պատմողական միջավայր, որտեղ այցելուն, ասես, «անցնում է կամրջի միջով»: 

Ցուցահանդեսային տեխնոլոգիաները ներառում են 5D և համայնապատկերային ֆիլմեր, կամուրջների հետ համատեղ լուսանկարների էլեկտրոնային տաղավարներ և ստորագրությունների ու հետադարձ կապի ինտերակտիվ տարածքներ:

Ներկայացման այս ձևերը այցելուին հնարավորություն են տալիս տեսնել, լսել և շոշափել՝ ուսուցումը, մատուցվող նյութը դարձնելով զվարճալի և խորը:

Ուհանի Կամուրջների թանգարանն ունի նաև գիտակրթական աշխատանքի բազայի կարգավիճակ: Այն նաև տրանսպորտի գիտության և կրթության ազգային կենտրոնների առաջին տասնյակում է:

Թանգարանը գիտական հանրահռչակման առումով առաջատար հաստատություն է համարվում: Այն դասվում է Հուբեյ նահանգի 10 լավագույն գիտական և կրթական բազաների շարքում:

Հայերեն Русский