Մարզեր

Գյումրիի ավագանին հաստատեց 18 փողոցի հիմնանորոգման սուբվենցիոն հայտը

3 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանին հաստատեց 18 փողոցի հիմնանորոգման սուբվենցիոն հայտը

Գյումրիի ավագանին, արտահերթ նիստի ընթացքում, միաձայն կողմ քվեարկեց Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրի համայնքի երկրորդային 18 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն հայտին համաձայնություն տալու մասին որոշմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ 18 փողոցները երկրորդական փողոցներ են, չեն գտնվում Գյումրու պատմական կենտրոնում։ Դրանց ընդհանուր երկարությունը կազմում է 6041 մետր։ Հիմնանորոգման շրջանակում վերակառուցվելու են ինչպես փողոցները, այնպես էլ դրանց մայթերը, որոնք հիմնականում ներթաղամասային նշանակություն ունեն։ Ծրագրի իրականացման համար նախատեսված ընդհանուր ծախսը կազմում է 2 միլիարդ 291 միլիոն 334 հազար 200 դրամ։ Այս գումարի 55 տոկոսը՝ 1 միլիարդ 260 միլիոն 233 հազար 810 դրամը, կտրամադրի համայնքը, իսկ մնացածը՝ ՀՀ կառավարությունը։

Հաջորդ սուբվենցիոն հայտը վերաբերում է համայնքի կարիքների համար անհրաժեշտ տեխնիկայի և գույքի ձեռքբերմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 170 միլիոն 235 հազար 194 դրամ, որից համայնքի ներդրումը 93 միլիոն 629 հազար 356 դրամ է։

Ավագանին միաձայն կողմ քվեարկեց նաև Գյումրիի մասնակցային բյուջետավորման գործընթացին։ Համայնքի մասնակցությունը ծրագրվում է իրականացնել համաֆինանսավորման եղանակով, որի չափը պետք է կազմի ծրագրի ընդհանուր արժեքի առնվազն 20 տոկոսը։ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Գյումրի համայնքին սուբվենցիա ստանալու համար սահմանված չափը կազմում է 81 միլիոն 452 հազար 600 դրամ։ Մասնակցային բյուջետավորման համար ներկայացված հայտերից հավանության է արժանացել թափառող շների կացարանի կառուցման ծրագիրը։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև նախկին «Սպիտակ» հիվանդանոցի շենքի տնօրինման հարցը։ Ներկայացվել են մի քանի առաջարկներ՝ շենքը վաճառելու կամ այլ նպատակներով օգտագործելու վերաբերյալ, սակայն դրանցից և ոչ մեկն ընթացք չի ստացել։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հանդես  եկավ առաջարկով՝ շենքը հիմնանորոգել և կրկին օգտագործել որպես հիվանդանոց։ Հնչեց նաև առաջարկ՝ այն վաճառել և ստացված գումարը ուղղել համայնքի այլ ծրագրերի ֆինանսավորմանը։ Ավագանին, ձայների մեծամասնությամբ, որոշեց չեղարկել շենքը օտարելու վերաբերյալ ավելի վաղ ընդունված որոշումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում